ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպել է «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են նոր ուսումնական տարվա հնարավոր խնդիրներն ու հիմնական առաջնահերթությունները: Իր ելույթում նախարարը նշել է, որ դպրոցները պետք է մշտապես կապի մեջ լինեն միմյանց հետ և ապահովեն փորձի փոխանակում, քանի որ, ըստ Լևոն Մկրտչյանի, միայն այդ կերպ է հնարավոր արդյունավետ բարեփոխումներ ապահովել համակարգում: Նախարարը կարևորել է նման հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով, որ միայն բաց հարթակում կարող են տարաբնույթ քննարկումներ լինել, որպեսզի այդ թվում բազմավաստակ մանկավարժները հնարավորություն ունենան իրենց դիտարկումները հստակ և հրապարակային արտահայտել:
«Կրթության հիմնախնդիրները և, մասնավորապես, կրթության որակի բարձրացման հարցը հուզում է հասարակության բոլոր շերտերին: Վստահեցնում եմ, որ բարձրաձայնված ոչ մի խնդիր անտեսված չի մնա, քանի որ կրթության որակը, ուսուցչի և դպրոցի հեղինակությունը կբարձրանա միայն այդ խնդիրների լուծումից հետո: Ներկայումս համակարգը գտնվում է լուրջ վերափոխումների շեմին: Մոտ ապագայում հանրությանը կներկայացվի մինչև 2030 թվականի Կրթության զարգացման պետական ծրագիրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներկայացրել է կրթության զարգացման հիմնական ուրվագծերը, և ինչպես ժամանակին դրված էր «Կրթություն բոլորի համար» քաղաքականությունը, ապա ներկայումս նոր՝ կրթակարգերի առկայություն է ավելի շատ պահանջում և հեռանկարային ուղղվածություն է սահմանվել մինչև 2030 թվականը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երկիր, մեկ անգամ ևս գնահատելով իր ռեսուրսները, պետք է հասկանա՝ դեպի ուր նպատակաուղղել կրթական համակարգը»,-նշել է նախարարը՝ իր ելույթում անդրադառնալով բնագիտական առարկաների կարևորման, օտար լեզուների մեթոդիկայի որակական պահանջների բարձրացման, կառավարման քարտեզի արմատական լուծման, դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակման, ուսուցիչների սոցիալական վիճակի բարելավման և այլ խնդիրների: «Բոլոր այս խնդիրներից զատ, անհրաժեշտ է վերանայել կրթական չափորոշիչները և իրականացնել ուսումնական ծրագրերի և ուսուցիչների աշխատանքի բեռնաթափման աշխատանքներ՝ միաժամանակ պահպանելով կրթության որակը: Շատ կարևոր է նաև տարակարգերի խնդիրը. ուսուցչին անհրաժեշտ է վերադարձնել իր մոտիվացիան, և, օրինակ, 1-4-րդ տարակարգերի մեջ պահպանել վարձատրության համամասնության սկզբունքը: Եթե, օրինակ, ուսուցիչը գիտությունների թեկնածու է, ուրեմն վերջինս պետք է հնարավորություն ունենա թռիչքաձև բարձրացնել իր տարակարգը»,-ընդգծել է նախարարը:
«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանն իր հերթին նշել է, որ ԿԳ նախարարի հետ նախորդ հանդիպումից հետո մի շարք բարձրաձայնված հարցեր ստացել են իրենց լուծումները: Նրա խոսքով՝ այս անգամ ևս միությունը պատրաստվում է ներկայացնել առաջարկների փաթեթ, քանի որ ըստ Ռուզաննա Մուրադյանի, միայն ազատ քննարկումների արդյունքում է հնարավոր գտնել համարժեք և արդյունավետ լուծումներ:
Ներկաները մի շարք հարցեր են ուղղել ԿԳ նախարարին, որոնք հիմնականում վերաբերել են ուսուցիչների վերապատրաստման, փոքր թվաքանակ ունեցող դպրոցների, ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և այլ խնդիրների: Այս մասին տեղեկանում ենք ԿԳ պաշտոնական կայքից: