Կարգավորված չեն ՀՀ թանգարանային ֆոնդի, դրա օգտագործման, տնօրինման, թանգարանների ստեղծման խնդիրները

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Վարդան Բոստանջյանի նախագահությամբ:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծն ընդգրկվել է ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

«Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը հանձնաժողովին է ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը:

Փոխնախարարի խոսքով՝ կարգավորված չեն մշակութային ժառանգության անբաժանելի մաս կազմող ՀՀ թանգարանային ֆոնդի, ինչպես նաեւ յուրաքանչյուր թանգարանի ֆոնդի օգտագործման, տնօրինման, թանգարանների ստեղծման խնդիրները: «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծում սահմանվել եւ ճշգրտվել են օրենքի կարգավորման առարկան, օրենքի խնդիրները, թանգարանների ստեղծման նպատակները եւ սկզբունքները, հստակ սահմանվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի հանձնարարությամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի առկա խնդիրները եւ կներկայացնի դրանք հանձնաժողովին երկու շաբաթ հետո:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերի փաթեթն կընդգրկվի ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տրասնպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը:

Պարոն Դեմիրխանյանը նշել է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի առաջարկությունների եւ ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի քննարկման արդյունքում?

Ներկայումս ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակներում կան բազմաթիվ հարցեր, որոնց հստակեցումը պահանջում է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ, մասնավորապես իրավաբանական անձանց կողմից թվային հեռարձակման մասնավոր ցանց ստեղծելու համար մուլտիպլեքսների լիցենզիա ստանալու հայտերի ներկայացման եւ դրանց ուսումնասիրման գործընթացը, ինչպես նաեւ բացառելու օրենքի որոշ դրույթների անհարկի կրկնությունները: Այս օրինագծի ընդունմամբ նախատեսվում է ավելի դյուրին դարձնել լիցենզավորման ընթացակարգը:

Հարակից զեկուցող Արման Սաղաթելյանն անդրադարձել է մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման մրցույթի պայմանների հստակեցմանը եւ ներկայացվող պահանջներին:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

«Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Պարոն Մինասյանը նշել է, որ օրենքի այս փոփոխություններով կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը` ՀՀ տնտեսական եւ կրթական բարեփոխումներին ներդաշնակ եւ «Կրթություն? հանուն կայուն զարգացման ռազմավարության» սկզբունքներին համահունչ՝ նպատակ ունենալով ուժեղացնել բնապահպանական կրթության եւ դաստիարակության դերը ՀՀ կրթական համակարգի բոլոր մակարդակներում եւ հատկապես նախադպրոցական ու հանրակրթական: Կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը ու կհամապատասխանեցվի «Կրթություն? հանուն կայուն զարգացման» ռազմավարության եւ բնապահպանական, կրթական կոնվենցիաների սկզբունքներին:

Օրինագիծը ստացել է դրական եզրակացություն եւ կընդգրկվի ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

«Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը նշել է, որ «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման նպատակը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցումն է եւ ՀՀ մշակույթի ոլորտի օրենսդրության համապատասխանեցումը ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրությանը:

Մասնավորապես, օրենսդրական միասնականացումն ապահովելու նպատակով մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների արտահանման կամ ժամանակավոր արտահանման վկայագրի փոխարեն այսուհետ տրամադրվելու է եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Հստակեցվել է նաեւ լիազոր մարմնի գործառույթը, որով նախատեսվում է հաստատել սահմանափակումների ենթակա արտահանման կամ ժամանակավոր արտահանման մշակութային արժեքների եւ մշակութային նշանակության առարկաների ցանկը:

Օրինագծերի փաթեթն կընդգրկվի ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

«Կրթության բնագավառում խտրականության դեմ» կոնվենցիայի կողմ պետությունների միջեւ ծագող վեճերի լուծման համար պատասխանատու` հաշտեցման եւ միջնորդության հանձնաժողով ստեղծելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրինագիծը ներկայացրել է ՀՀ կրթության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը:

«Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

Օրինագծերը ստացել են դրական եզրակացություն եւ կընդգրկվի ՀՀ ԱԺ աշնանային նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

«Տիեզերական տարածության, այդ թվում` Լուսնի եւ այլ երկնային մարմինների հետազոտման եւ օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրինագծի քննարկումը հետաձգվել է:

Վարդան Բոստանջյանի առաջարկությամբ հանձնաժողովը հաստատել է իր աշխատակարգը:

Մեկնաբանություններ