Վերջին տարիներին մեր երկրում կատարակտի հիվանդացությունն աճել է շուրջ 4 անգամ: Ըստ առողջապահության նախարարության տվյալների յուրաքանչյուր տարի ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում կյանքում առաջին անգամ կատարակտ ախտորոշվում է շուրջ 8000 քաղաքացու մոտ, որից պետական պատվերով իրականացվող վիրահատությունների թիվը կազմում է շուրջ 1300: Ընդհանուր առմամբ, տարեկան իրականացվում է կատարակտի շուրջ 5300 վիրահատություն:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, է աչքի հիվանդությունների, մասնավորապես` տեսողության խաթարման հիմնական պատճառ (շուրջ 51%) հանդիսացող կատարակտի տարածվածությունը և անբավարար վիրահատական ծածկույթը` ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն ուսումնասիրել են առաջնային օղակ դիմած քաղաքացիների և ԱՀԿ մեր տարածաշրջանին բնորոշող ցուցանիշները, կատարակտ վիրահատելու պահանջարկն ու դրա հասանելիությունը:
Արդյունքում, մշակվել է ծրագիր՝ որի շրջանակում անվճար կվիրահատվեն բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձինք` աչքի կատարակտ հիվանդությամբ պայմանավորված բարդությունների (կուրության) կանխարգելման, անաշխատունակության և սոցիալական ակտիվության վերականգնման նպատակով:
Ծրագրի շահառուներն են անապահովության գնահատման համակարգում հաշվառված 0-ից 30.00-ը ներառյալ անապահովության միավոր ունեցող ընտանիքների` 60 և ավելի բարձր տարիքի անդամները, մանկավարժ աշխատող և ուսուցիչ հանդիսացող, ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկում ընդգրված պաշտոն զբաղեցրած կամ զբաղեցնող սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք, բուժաշխատող (ավագ, միջին և կրտսեր) հանդիսացող և առողջապահության բնագավառում գործունեություն իրականացրած կամ իրականացնող անձինք, մշակույթի ոլորտի պետական կազմակերպություններում, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջում աշխատող կամ աշխատած սոցիալական փաթեթի շահառու չհանդիսացող անձինք, ովքեր տվյալ ոլորտում մասնագիտական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ ունեն:
Շահառուների բժշկական օգնության ու սպասարկման համար հիմք կհանդիսանում համապատասխան կարգավիճակը հաստատող հետևյալ փաստաթղթերը` տեղեկանք տրված սոցիալական աջակցության տարածքային բաժնի (գործակալության) կողմից, աշխատանքային գրքույկ կամ դրա հաստատված պատճեն կամ աշխատանքային ստաժը հավաստող տեղեկանք աշխատանքի վայրից:
Ծրագրի շրջանակում շահառուի բժշկական օգնության ու սպասարկման ուղեգրումն իրականացվում է տվյալ շահառուին սպասարկող առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից` տեղամասային ակնաբույժի կողմից զննման և համապատասխան բժշկական ցուցման առկայության դեպքում:
ՀՀ առողջապահության նախարարությունը ծրագրի ամբողջ ընթացքում կիրականացնի մշտադիտարկում` տրամադրվող ծառայությունների որակը և արդյունավետությունը վերահսկելու նպատակով:
Կատարակտի վիրահատությունների հերթագրման կարգն առանձին կհրապարակվի նախարարության պաշտոանկան կայքում։
Նշենք, որ փորձարարական ձևաչափով ծրագիրն ավելի վաղ մեկնարկվել է Լոռու մարզի Սպիտակի բժշկական կենտրոնում և Գեղարքունիքի մարզի «Լայոնս» մարզային ակնաբուժական» հիմնադրամում: Արդեն իսկ կատարվել է կատարակտի շուրջ 130 վիրահատություն։ Այժմ մեկնարկում է կուրությունը կանխարգելելու նպատակով բնակչության առանձին խմբերին իրականացվող կատարակտի վիրահատությունների 2017-2018 թվականների ծրագիրը, որի արդյունքում Երևանի և մարզերի մի շարք բժշկական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակում (ներառյալ` ոսպնյակի արժեքը) լրացուցիչ շուրջ 3000 քաղաքացու կիրականացվի վիրահատություն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհի բնակչության շուրջ 4%-ը (285 միլիոն մարդ) ունի տեսողության խաթարում, կույր է 0.6%-ը (39 միլիոն մարդ): Ընդ որում, տեսողության խաթարում ունեցող բնակչությունը կենտրոնացած է հիմնականում զարգացող երկրներում: