Կանխվել է կեղծ կոնյակի իրացման խոշոր փորձ

Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ Ասատուր Ասատրյանը զբաղվում է կեղծ կոնյակների արտադրությամբ, շշալցմամբ և իրացմամբ: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են օպերատիվ տեղեկությունները. «Մալաթիա 92» ԱԿ տոնավաճառի տաղավարներից մեկում հայտնաբերվել են կոնյակի արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև  կասկածելի ծագումով 103 շիշ կոնյակ, դատարկ շշեր, տուփեր, խցաններ, չօգտագործված ակցիզային դրոշմանիշեր, կոնյակի սպիրտ և սննդային այլ հավելումներ: Պարզվել է նաև, որ  կեղծված կոնյակներն իրացվել են ԱՁ Կարինե Միքայելյանի վարձակալած տարբեր տաղավարներում, ով, ի դեպ, Ասատուր Ասատրյանի կինն է: Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են կոնյակի արտադրությամբ զբաղվող գործարանների թողարկած արտադրանքների հայտնի ապրանքանիշերի կեղծված տարբերակներ: Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Օրինախախտ քաղաքացին ներկայացրել է հայտարարություն և բացատրություն, ինչպես նաև  տրամադրել է կեղծված պատրաստի արտադրանքը, հումք-նյութերը՝ դրանց հետագա հետազոտման նպատակով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ իրականացված  ապօրինի գործունեության այլ հանգամանքները պարզելու նպատակով:

Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել է ստվերային գործունեության ևս մեկ դեպք. օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երևանում հայտնաբերվել է առանց պետական գրանցման փայտյա դռների արտարդամաս: Մոտ 50 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև պատրաստի արտադրանք: Նախնական տվյալներով ապօրինի գործունեության ընթացքում իրացվել է ավելի քան 220000 դրամ  ընդհանուր արժեքով փայտյա դռներ:

Մեկ այլ դեպքով էլ բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ. օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ: Ձեռք բերված նյութերով՝ հարկային  իրավախախտման  փաստով  քաղաքացու  նկատմամբ  հարուցվել  է  վարչական  վարույթ,  կասեցվել  է ապօրինի գործունեությունը:

Բոլոր դեպքերով էլ հաշվարկվում է պետության պատճառված վնասի չափը:

Մեկնաբանություններ