Կանանց նկատմամբ բռնությունը պետք է «մնա անցյալում»

Հունիսի 5-ին Բրյուսելում կայացած ՄԱԿ-ի հերթական համաժողովի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամմեդը հայտարարել է, որ ՄԱԿ-ը և Եվրոպական Միությունը պատրաստվում են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ կանանց նկատմամբ բռնությունը կանխարգելելու համար։ Ամինա Մոհամմեդը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կանանց նկատմամբ բռնությունը կմնա անցյալում, և կկարգավորվեն ՄԱԿ-ի  հռչակած «Կայուն զարգացման 2030 օրակարգում» ներառված խնդիրներից շատերը։ Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը մեծ կարևորություն է տալիս այն հիմնախնդիրներին, որոնք վերաբերում են կայուն զարգացման նպատակ 3-ին (ապահովել առողջ կյանք և խթանել բարեկեցություն բոլորի համար՝ անկախ տարիքից) և նպատակ 5-ին (հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց և աղջիկներին)։

«Մենք պատրաստվում ենք լուրջ աշխատանքներ տանել և ծրագրեր իրագործել՝ կանանց իրավունքները  և հնարավորությունները ընդլայնելու ուղղությամբ։ Մենք չենք կարող նշանակալի արդյունքների հասնել, եթե շարունակենք լուծել բոլոր խնդիրները` օգտագործելով աշխարհի մարդկային ռեսուրսների միայն կեսը։ Այսօր աշխարհի յուրաքանչյուր երրորդ կին դեռևս շարունակում է ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվել։ Կանանց իրավունքները շարունակվում են ոտնահարվել թե՛ տանը, թե՛ աշխատավայրում: Ամբողջ աշխարհում շարունակում են տեղի ունենալ սեռական ոտնձգության և ընտանեկան բռնության բազմաթիվ դեպքեր։ Շատ երկրներում բռնության արդյունքում տուժած կանայք բժշկական կամ հոգեբանական օգնություն չեն ստանում, և չի գործում այնպիսի համակարգ կամ մարմին, որը կարող է կանխել կանանց նկատմամբ իրականացվող բռնության գործողությունները։ Շատ կանայք բռնության են ենթարկվում՝ միայն հավասարության ձգտելու և իրենց իրավունքների համար պայքարելու պատճառով», – հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալը։
Իր ելույթի ժամանակ նա նաև խոսել է գենդերային հավասարության ապահովման ոլորտում նախատեսվող միջոցառումների և ծրագրերի, ինչպես նաև՝ այդ ոլորտում գրանցված ձեռքբերումների մասին:

Մեկնաբանություններ