Այս տարվա սեպտեմբերի 18-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բացումը։ ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր վեհաժողովի նախագահը՝ Էկվադորի արտաքին գործերի նախարար Մարիա Ֆերնանդա Էսպինոսան, նստաշրջանի բացման արարողության ժամանակ հանդես է եկել ելույթով և խոստացել է, որ գալիք տարին աշխատանքային արդյունավետ տարի է լինելու: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշն իր հերթին հիշեցրել է ՄԱԿ-ի առաջնահերթությունների և սկզբունքների մասին և կոչ է արել անդամ պետությունների ղեկավարներին հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք հանդիպումներին համագործակցելու պատրաստակամություն ցուցաբերել։ «Այս նստաշրջանի շրջանակներում մենք շատ աշխատանք ունենք կատարելու: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ աշխարհում խաղաղությունը ապահովելու, մարդու իրավունքներն իրականացնելու, երիտասարդների դերը ամրապնդելու, աղքատությունը նվազեցնելու և այլ կարևոր հարցերի ուղղությամբ»,- հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարն իր ելույթի ժամանակ։ Նա նաև հավելել է, որ շատ է կարևորում միջազգային համագործակցության ոլորտում Գլխավոր ասամբլեայի դերը։
Նստաշրջանի բացմանն իր ելույթի ժամանակ Մարիա Ֆերնանդա Էսպինոսան նշել է, որ իր նախագահության ժամանակաշրջանում առաջնահերթությունը տրվելու է միգրացիայի խնդիրների, շրջակա միջավայրի պահպանության, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, գենդերային հավասարության և կայուն զարգացման նպատակների հետ կապված հարցերին։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի առաջին օրերին հիմնականում կլուծվեն ընթացակարգային հարցերը։ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին ելույթ կունենան 110 պետության ղեկավարներ, 86 կառավարության ղեկավարներ և տարբեր երկրների արտաքին գործերի նախարարներ։ Սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 1-ը տեղի կունենան Գլխավոր ասամբլեայի նիստերը և բանավեճերը։ Ըստ ավանդույթի՝ նիստին առաջինը ելույթ կունենա Բրազիլիան։ Նման ընթացակարգը պայմանավորված է այն հանգամանքով, որ 1946 թվականի հունվարի 10-ին Լոնդոնում առաջին անգամ տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստին առաջինը ելույթ է ունեցել Բրազիլիայի դեսպանը։ Այնուհետև, ելույթ կունենա ԱՄՆ-ն, քանի որ ՄԱԿ-ի գրասենյակը գտնվում է երկրի տարածքում: Սեպտեմբերի 25-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հետո ելույթ կունենան Թուրքիայի, Ֆրանսիայի, Մեքսիկայի, Իրանի և Ղրղզստանի նախագահները: Ուկրաինայի նախագահի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 26-ին՝ օրվա երկրորդ կեսին։ Վրաստանի նախագահը հանդես կգա խոսքով սեպտեմբերի 27-ին, իսկ Հայաստանի և Մոլդովայի նախագահները՝ սեպտեմբերի 28-ին։ Նույն օրը ելույթ կունենան նաև Ռուսաստանի և Ղազախստանի արտգործնախարարները:
Ընդհանուր բանավեճի նախօրեին՝ սեպտեմբերի 24-ին, ՄԱԿ-ում տեղի կունենա բարձր մակարդակի հանդիպում, որի ժամանակ կքննարկվեն կայուն զարգացման նախագծի ֆինանսավորման հարցերը։ Քննարկմանը կմասնակցեն ՄԱԿ-ի անդամ պետությունների վարչապետները, նախարարները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը։
Սեպտեմբերի 25-ին նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը նվիրված խորհրդակցությունը։ Իսկ սեպտեմբերի 26-ին տեղի կունենան միջուկային զենքի արգելման և տուբերկուլոզ հիվանդության դեմ պայքարին առնչվող հարցերի քննարկման բարձր մակարդակի հանդիպումները: Նույն օրը տեղի կունենա նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստը՝ ԱՄՆ-ի նախագահությամբ։ Սեպտեմբերի 27-ին, Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում տեղի կունենան բարձր մակարդակի հանդիպումներ՝ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի և միգրացիայի խնդիրների վերաբերյալ։
Ավելի վաղ, հայտարարվել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կայցելի Նյու Յորք և կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին։
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքային պարտավորություններից է այնպիսի հարցերի քննարկումն ու վերանայումը, ինչպիսիք են սպառազինությունների կրճատումն ու դրանց վերահսկումը, միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի կանխարգելումը, ոչ մշտական անդամների ընտրությունը և ՄԱԿ-ի հիմնական մարմինների զեկույցների քննարկումը: Ամեն տարի սեպտեմբերին բացվում է Գլխավոր ասամբլեայի հերթական նիստը: Յուրաքանչյուր նիստի սկզբում ընտրվում են նոր նախագահ, նախագահի տեղակալներ և ասամբլեայի 6 հիմնական հանձնաժողովների նախագահներ: