Երևանում այսօր անցկացվել է «ՀՀ պրոբացիոն ծառայության աջակցություն» ծրագրի մեկնարկային աշխատաժողովը: Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքը։
ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ «ՓԻ-ԷՅՉ» Ինթերնեշնլ կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից:
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը ողջունել է ներկաներին, ընդգծել այս աշխատաժողովի անցկացման կարևորությունը և ներկայացրել ՀՀ պրոբացիոն ծառայության ստեղծումից ի վեր իրականացված աշխատանքների համառոտ հաշվետվությունը, առկա հիմնախնդիրները, ծառայության զարգացման ծրագիրը:
ՀՀ արդարադատության նախարարության աշխատակից Արփինե Սարգսյանը ներկայացրել է արդարադատության և ՀՀ պրոբացիոն ծառայության գործունեությանն առնչվող այլ ոլորտներում ընթացող բարեփոխումները, ինչպես նաև դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման ընթացակարգերին վերաբերող փոփոխությունները:
Աշխատաժողովի ընթացքում «Փի-Էյչ Ինթերնեշնլ» հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանն անդրադարձել է «ՀՀ Պրոբացիոն ծառայության աջակցության ծրագրին», ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը ներկայացրել է հասարակական կազմակերպությունների աջակցությունը ՀՀ պրոբացիոն ծառայությանը, անչափահաս պրոբանտների կարիքների և ռիսկերի գնահատման գործիքի և դրա ներկա կարգավիճակը, իսկ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ»-ի նախագահ Արտակ Կիրակոսյանը խոսել է չափահաս պրոբանտների կարիքների և ռիսկերի գնահատման գործիքի և դրա ներկա կարգավիճակի մասին, տեղեկություններ տրամադրել ՊԾ աջակցության ցանցի վերաբերյալ: