Խորհրդարանի նախկին պատգամավորների դիմումը ՀՀԿ-ին. «Հարգեք Ձեր ժողովրդի դիրքորոշումը»

Հայաստանի ԱԺ Հանրապետական խմբակցության գործընկերներ Թավշյա հեղափոխությունը, որի մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այլևս իրողություն է: Իրադարձությունները իրավական հիմքով տանելու և անհապաղ սահմանադրական լուծումներ ունենալու միակ միջոցը յուրաքանչյուրիդ դիրքորոշման անհապաղ հրապարակումն է: Մենք գիտակցում ենք, որ Ձեզանից շատերը պատահական են հայտնվել քաղաքական բովանդակությունից զուրկ, իշխանության վերնախավի վերարտադրությունը ապահովող խմբավորման կազմում: Գիտենք, որ ձեզանից շատերը չեն հանդիսանում Հանրապետական կուսակցության անդամ կամ անգամ տեղյակ չեն կուսակցության ծրագրից: Վստահ ենք, որ գործարար պատգամավորների զգալի մասը միայն պատանդ է, որ Ձեզ պատգամավորական մանդատը պարտադրել են Ձեր կամքին հակառակ՝ հակասահմանադրական դարձնելով Ձեր կարգավիճակը: Կուսակցության իրական փոքրաթիվ անդամներ, այսօր հասարակությունը հրապարակներում պահանջում և վանկարկում է ՀՀԿ-ի հրաժարականի պահանջը։

ՀՀԿ ղեկավարը արդեն իսկ ընդունել է ժողովրդի պահանջը և կատարել: Նույն քայլը պետք է անեք նաև խմբակցության անդամներդ։ Ժողովրդական իշխանության հաստատումը ժամերի հարց է, Դուք կարող էք կա՛մ արագացնել գործընթացը, կամ ձգձգել լարվածությունը: Հապաղելու դեպքում վաղը Ձեզ կանվանեն հանցագործների բանդա ու բոլոր անդառնալի հետևանքների պատասխանատվությունը, որոնց մասին երկու օր առաջ խոսում էր Սերժ Սարգսյանը, իսկ այսօր էլ Կարեն Կարապետյանը, ամբողջությամբ կընկնի իշախանությունը անցնցում փոխանցելու համար խոչընդոտներ ստեղծող յուրաքանչյուրիդ վրա։ Հարգեք Ձեր ժողովրդի դիրքորոշումը։

Հայտարարությունը բաց է նորանկախ Հայաստանի Գերագույն Խորհրդի և բոլոր գումարումների Ազգային Ժողովի պատգամավորների համար:

Բագրատ Ասատրյան, 1990-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-1997թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր

Կարապետ Ռուբինյան, 1990-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-1999թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր

Անահիտ Գևորգյան, 1990-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր

Տիգրան Կյուրեղյան, 1990-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր

Վալերի Միրզոյան, 1990-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր

Ավետ Գրիգորյան, 1990-1995թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր, 1995-1999թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր

Ասմարյան Սուրիկ, 1990-1995 թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր

Աշոտ Հակոբյան, 1990-1995 թթ. ՀՀ ԳԽ պատգամավոր

Մեկնաբանություններ