«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում դեռ կան հատվածներ, որտեղ հրդեհի վերջնական մարման աշխատանքներ են կատարվում, ուստի վնասների մասին խոսելու համար դեռ վաղ է: Ըստ աշխարհագրագետ, հողագետ Աշոտ Խոյեցյանի ՝ հրդեհի հասցրած վնասների մասին մասնագիտական պատասխան կարելի է տալ միայն լիարժեք մոնիթորինգ կատարելու դեպքում.
«3000 հեկտար է այրվել, որի 10 տոկոսը՝ գիհուտներ: Գիհիների արիալային ոչնչացումը վերականգնման խնդիրներ է առաջացնելու: Հենց գիհու վերականգման խնդիրն է առաջնայինը, որովհետև կաղնուտներն այդքան չեն վնասվել: Բուժիչ դեղաբույսերը ևս խիստ վնասվել են: Թե որքանով կվերականգնվի էկոհամակարգը, դժվար է ասել»,-ասաց աշխարհագրագետը՝ կասկածանք հայտնելով, որ առանց ոռոգման ջրի հնարավոր կլինի վերոնշյալ տարածքները վերականգնել:
«Որոշ պաշտոնյաներ պնդում էին, որ արգելոցի հատուկ պահպանվող տարածքների մոտ չկան անհրաժեշտ կոմունիկացիաներ, որոնք կօգնեին արագ և արդյունավետ պայքարել աղետի դեմ, բայց ես եղել եմ շատ երկրներում, որտեղ անկախ աղետի բնույթից՝ պահպանվող տարածքներն ունեն կոմունիկացիաներ, մինչդեռ մեր պարագայում անգամ ռելիեֆի մասին պատկերացում չունեին»,- ասաց փորձագետը:
Ըստ աշխարհագրագետ Աշոտ Խոյեցյանի՝ բռնկված հրդեհի մարման գործում Արտակարգ իրավիճակների նախարարությունը այլ կառույցների օգնությամբ արեց ամեն հնարավորը, սակայն մեզանում էկոլոգիական աղետների դիմակայման լուրջ խնդիր կա. «Լուրջ էկոլոգիական աղետների դիմակայման կուլտուրայի բացակայությունը և պռոֆեսիոնալիզմի բացակայությունը խնդիրը բարձրացրեց շատ ավելի լուրջ մակարդակը»,-ըստ նրա՝ մեր հասարակությունը պատրաստ չէ լուրջ էկոլոգիական աղետների դիմակայմանը, իսկ հասարակության պատրաստ չլինելու պատասխանատվությունը պետք է կրեն համապատասխան պատկան կառույցները:
«Ամեն դեպքում ինչ որ արվեց մեր համապատասխան կառույցների կողմից արժանի է խրախուսանքի, բայց հարցը մնում է բաց, այն իմաստով, որ եղած խնդիրների նկատմամբ պահանջվում է շատ ավելի լուրջ պռոֆեսիոնալիզմ, քան հիմա կա»,- ասաց նա:
Աշխարհագրագետի խոսքերով՝ այսօր մասնագետները կատարում են ուսումնասիրություններ առաջացաց հրդեհի պատճառների բացահայտման վերաբերյալ. դա կլիմայական պայմաններից է, թե՞ մարդկային գործոնի դրսևորման հետևանք:
«ՀՀ-ի տարածքը դասվում է խիստ ռիսկային էկոլոհամակարգային գոտիների շարքին, ուստի պետք է գլոբալ քաղաքականություն իրականացնել այս բնագավառում համապատասխան քայլեր կատարելու համար»:
Աշոտ Խոյեցյաը նշեց, որ մեր հանրապետության տարածքը հանդիսանում է շատ երկրներին բնորոշ ռիսկային, աղետալի երևույթների գոտի՝ սելաֆներ, երաշտային գործընթացներ, սողանքներ, տեղատարափ անձրևներ և այլն: Վերոթվարկված երևույթների հետևանքով, առանց այն էլ շատ նուրբ և զգայուն մեր էկոհամակարգերը կարող են ենթարկվել լուրջ ազդեցությունների:
Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի