Խաղալիք գնելիս հարկավոր է ուշադրություն դարձնել մակնշմանը և պահանջել սերտիֆիկատ

Մանկության շրջանում խաղալիքները համարվում  են երեխաների անբաժանելի ընկերները: Գրեթե չկա մի
երեխա, որն անտարբեր անցնի խաղաղլիքների խանութի կողքով և չխնդրի իր ծնողին գնել իր հավանած խաղալիքը: Չնայած երեխայի ցանկությանը, միևնույն է, ծնողը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչպիսի խաղալիք է գնում` ի նպաստ իր երեխայի առողջությանը:

Սպառողների միության նախագահ Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ մանկական խաղալիքների շուկան վերահսկելի չէ և շատ անբավարար վիճակում է:

«Արդեն 5 տարի է ինչ մեր երկիրը գտնվում է տեսչական բարեփոխումների շրջանում, սակայն վերջը չի երևում»,-ասաց նա:

Պարոն Պետրոսյանը նաև հայտնեց, որ մանկական խաղալիքները պարտադիր սերտիֆիկացման ապրանքներից են, սակայն շուկայի վերահսկողության բացակայության արդյունքում շատ խանութներում վաճառվում են անորակ և առանց սերտիֆիկատի ապրանքներ. «Մանկական ապրանք գնելիս առաջին գործը սերտիֆիկատ պահանջելն է: Մենք պարտավոր ենք պահանջել սերտիֆիկատ, իսկ իրենք էլ պարտավոր են ներկայացնել այն»,- ասաց նա:

«Խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգ»-ով կարգավորվում են խաղալիքի վերաբերյալ տեխնիկական պահանջները և Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց ազատ տեղաշարժի կանոնների հետ կապված հարաբերությունները:

Ըստ այդ կանոնակարգի ՀՀ շուկայահանվող խաղալիքը պետք է ունենա համապատասխանության հայտարարագիր` սերտիֆիկատ, որն էլ պետք է լինի հայերենով: Համապատասխանության հայտարարագիրը պետք է ընդգրկի հետևյալ տեղեկատվությունը`
1) արտադրանքի տվյալներ (անվանում, մոդելի տեսակ կամ համար, ցանկացած հավելյալ տեղեկություն, օրինակ՝ խմբաքանակ կամ սերիական համար, բաղադրիչ մասերի անվանումներ)
2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարություն,
որին պետք է համապատասխանի արտադրանքը, ներառյալ` հղումներ փոխկապակցված ազգային ստանդարտներին.
3) լրացուցիչ տեղեկատվություն (արտադրանքի տեսակը կամ դասը)՝ համաձայն տեխնիկական կանոնակարգի.
4) հայտարարագրի ձևակերպման ամսաթիվը, արտադրողի կամ լիազորված ներկայացուցչի անվանումը, հասցեն և ստորագրությունը.
5) համապատասխանության գնահատման ընթացակարգ իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անվանումը, հասցեն և (անհրաժեշտության դեպքում) նշանակված մարմինների գրանցամատյանում արձանագրված նույնականացման կոդը:

Բացի սերտիֆիկատից մանկական ապրանքները պետք է ունենան նաև հայերեն մակնշումներ, որտեղ հստակ նշված կլինի, թե որ տարիքային խմբի երեխայի համար է այն նախատեսված, որ կազմակերպությունն է այն ներմուծել և այլն : Մանկական իրեր գնելիս ծնողները պարտադիր պետք է
հետևեն այդ մակնշմանը, քանի որ շատ դեպքերում նրանք գնում են այնպիսի ապրանքներ, որոնք նախատեսված չեն իրենց երեխաների համար, ինչն էլ իր հերթին հանգեցնում է բացասական հետևանքների:

Մանկաբույժ Մարի Դարակչյանը զրույցի ժամանակ հայտնեց, որ մինչև 2 տարեկան երեխայի խաղալիքները չպետք է պարունակեն մանր մասեր, տարբեր էլեմենտներ և մագնիսներ:

«Քանի որ երեխան այդ փոքր կտորները կարող է կուլ տալ, ինչի արդյունքում կառաջանա շնչահեղձություն, իսկ էլեմենտներն էլ պարունակում են հիմքեր, որոնք վտանգավոր են ցանկացած օրգանիզմի համար»,-նշեց նա: Նա խորհուրդ է տալիս մինչև 3 տարեկան երեխայի համար գնել տարիքային մակնշմամբ խաղալիքներ, որտեղ գրված կլինի, թե այն որ տարիքի երեխայի համար է նախատեսված:

«Խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգ»-ով սահմանվում է նաև խաղալիքի
անվտանգության հիմնական պահանջները` խաղալիքը` ներառյալ դրանում պարունակվող քիմիական նյութերը, ըստ նշանակության կամ նախատեսված ձևով օգտագործելիս, հաշվի առնելով նաև երեխաների վարքը, չպետք է վտանգի օգտագործողի կամ երրորդ կողմի առողջությունը կամ անվտանգությունը: Պետք է հաշվի առնել օգտագործողի և, որտեղ որ նպատակահարմար է, նրա վերահսկողի կարողությունը, մասնավորապես, մինչև 36 ամսական կամ այլ սահմանված տարիքային խմբերի երեխաների կողմից
օգտագործման համար նախատեսված խաղալիքի դեպքում: Ամրակցված պիտակները և խաղալիքն ուղեկցող օգտագործման հրահանգները պետք է հրավիրեն օգտագործողի կամ նրա վերահսկողի ուշադրությունը խաղալիքի օգտագործման հետ կապված բնորոշ վտանգների և վնասի ռիսկերի, ինչպես նաև նմանատիպ վտանգներից և ռիսկերից խուսափելու ուղիների վրա:

«Խաղալիքները շատ մեծ դեր ունեն անձի ձևավորման գործընթացում: Երեխաները խաղալիքների միջոցով
սովորում են ապրել, մարդկային փոխհարաբերությունները ևս հաճախ յուրացվում են հենց խաղալիքների միջոցով»,- այս մասին ասաց հոգեբան Արմինե Փաշյանը:
Հոգեբանի հավաստմամբ երեխայի կյանքում խաղալիքների դերը չպետք է թերագնահատել, քանի որ դրանք շատ կարևոր նշանակություն ունեն:
Տարիքային տարբեր փուլեր ունեն երեխայի համար նախատեսված համապատասխան խաղալիքները,  սակայն հոգեբանի կարծիքով մեծ տարիքում երեխաները իրենք պետք է ընտրեն իրենց խաղալիքները:

«Փոքր տարիքում, երբ երեխաները չեն կարող ընտրել` նրանց փոխարեն ծնողներն են ընտրում, սակայն մի փոքր ավելի մեծ տարքում երեխան պետք է ինքն ընտրի իր խաղալիքը: Սովորաբար երեխան ընտում է այնպիսի խաղալիք, որն ահրաժեշտ է իրեն և համապատասխանում է տվյալ փուլում իր հետաքրքրություններին»,- ասաց նա:

Վերջում հոգեբանը հավելեց, որ եթե ծնողն է ընտրում կամ քննադատում երեխայի ընտրությունը, քանի որ կարող ենք գործ ունենալ մի մարդու հետ, որը հետագայում չի կարողանա ընտրություն կատարել և չի ունենա իր անձնական կարծիքը:

Նյութը՝ Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ