Լևոն Մկրտչյանը հանդիպել է հանրային խորհրդի անդամների հետ

Հանրային խորհրդում  տեղի է ունեցել  ՀՀ հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգի   քննարկում,  որին մասնակցել  և ելույթով հանդես է եկել  նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ընդգծելով հարցի քննարկման կարևորությունը և հանրային  հետաքրքրությունը, ներկայացրել է հանրության շրջանում հայեցակարգի հետ կապված հիմնական մտահոգություններն ու հարցադրումները. «Բոլոր լեզուներն էլ պետք է ուսումնասիրել, դա կարևոր է, դա շփում է աշխարհի հետ: Այն, որ ռուսերենի ուսուցումը մեզ համար կարևոր է՝ դա կասկած չի հարցում. մենք Եվրասիական միության անդամ ենք, հազար ու մի թելերով տարբեր ոլորտներում կապված ենք Ռուսաստանի հետ, բայց ռուսերենի հայեցակարգի հետ կապված  հանրության մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ռուսերենն առանձնացվել մյուս օտար լեզուներից : Եթե խոսքը գնում է նոր գիտելիքներ ստանալու, գիտության առաջընթացի մասին, ապա այսօր ամբողջ աշխարհն ընտրում է անգլերենը: Մյուս հիմնական մտահոգությունը կապված է որոշ առարկաներ զուգահեռ նաև ռուսերեն լեզվով դասավանդելու հետ: Արդյոք դա համապատասխանո՞ւմ է «Լեզվի մասին»  ՀՀ  օրենքին ու դրա բովանդակությանը»,-իր բացման խոսքում նշել է Վ. Մանուկյանը:

ՀՀ ԿԳ նախարարն իր ելույթում ներկայացրել է բարձրացված հարցումների պատասխանները, նշելով, որ  օտար լեզուների, այդ թվում նաև ռուսաց լեզվի ուսուցման զարգացման հրամայականը պայմանավորված է գիտության, մասնավորապես բնագիտության ոլորտում արձանագրված հետընթացով. «Հայաստանի Հանրապետության միակ պետական լեզուն հայերենն է, մնացած բոլոր լեզուները օտար լեզուներ են, և բոլոր օտար լեզուների համար պետք է մշակել հայեցակարգ: Օտար լեզուների դասավանդման արդյունավետության բարձրացման դեպքում որևէ  ժամ հայագիտական առարկաներից չի պակասում: Կրթական ծրագրերում  հայագիտական առարկաների բլոկը պաշտպանված է:  Երբ մենք անցյալ տարի ուսումնասիրեցինք բուհական կրթության մասնագիտական պատկերը՝ պարզվեց, որ բարձրագույն կրթությունը խիստ հումանիտարացված է: Բնագիտական հատվածի մեջ էլ մեծ մասը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտն է, հիմնական բնական գիտելիքներն ու գիտությամբ առաջնորդվելու հնարավորությունները վտանգված են: Օրինակ առաջին անգամ երկար տարիների ընթացքում մենք արդեն ֆիզիկայի ֆակուլտետում ունենք թափուր տեղեր: Մենք հասկանում ենք, որ բնական գիտությունների հեղինակության  և պահանջարկի բարձրացումը պետք է դպրոցներից սկսենք: Եվ այստեղից առաջ եկավ  օտար լեզուների հայեցակարգի խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնագիտական ուղղությունների զարգացումն ուղղակիորեն պայմանավորված է օտար լեզուներով: Բոլոր միջազգային և տեղական փորձագետները նույն բանն են ասել. եթե ուզում եք օտար լեզուների վիճակը բարելավել,  պետք է դասավանդման արմատական փոփոխություն կատարել: Ընդ որում պետք է լեզուների ուսուցման հիմքում ավելի շատ դնել, ոչ թե հաղորդակցական հմտությունենրի ուսուցումը, այլ տեխնիկական և մասնագիտական բառապաշարի զարգացումը: Երբ մենք օտար լեզուների ուսուցման ներկա վիճակը համեմատեցինք օրինակ խորհրդային ժամանակների հետ, արձանագրեցինք մի քանի կարևոր հիմնահարցեր, որոնց լուծումները մեթոդական նոր մոտեցումներ են պահանջում: Նախկինում բոլոր օտար լեզուների ժամերը կիսվում էին՝ փոքր խմբերով էր կազմակերպվում՝ առավելագույնը 10-15 հոգով: Սա առաջ է բերում լրացուցիչ դասաժամերի խնդիր և դրան մենք պետք է լուծում տանք: Մյուս խնդիրն այն է, որ մեր երեխաներն անհամեմատ ավելի բարդ վիճակում են, քանի եվրոպական  երկրների երեխաները, որտեղ առաջին դասարանից միանգամից երեք լեզվի ուսուցման խնդիր է դրվում:  Մեր երեխաները առաջին դասարանից սովորում են մեսրոպյան այբուբենը, երկրորդ  դասարանից ռուսական կիրիլիցան, իսկ երրորդից՝ լատինական այբուբենը /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն/:  Եվրոպական երկրներում ուսուցանվող լեզուները լատինական են և դա երեխաների մոտ աշխարհընկալման և լեզվի յուրացման առումով խնդիրներ չի առաջացնում:  Սա մասնագետների մոտեցումն է: Մենք գտնում ենք, որ մեզ մոտ իրատեսական է երկրորդ դասարանից մտցնել և ռուսերենը, և լատինական որևէ լեզու. դա էլ մենք առաջարկել ենք օտար լեզուների զարգացման հայեցակարգով: Իսկ հարցադրումը, թե ինչու են առանձին դրվել անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի հայեցակարգերը՝ ռուսերենից ունի հետևյալ պատասխանը. ԿԳՆ-ն նախապես մշակել և հանրային քննարկման էր ներկայացրել օտար լեզուների՝ անգլերենի, ֆրանսերենի և գերմեներենի հայեցակարգը, որը բացարձակապես հանրային ուշադրության չարժանացավ: Երբ դրանից հետո քննարկման ներկայացվեց ռուսերենի հայեցակարգը, հարցն անհարկի  մտավ քաղաքական տիրույթ և սկսվեցին շահարկումներ: Առանձնացված մոտեցումը մեթոդաբանությամբ է պայմանավորված. ի վերջո  բուհերում ևս լեզուների ուսուցումը նույն տրամաբանության շրջանակում է կատարվում. կան  ռոմանագերմանական լեզուների, ռուսական բանասիրության և արևելագիտության   ֆակուլտետներ: Վստահեցնում եմ, որ այլ տարբերություններ ներկայացված երկու հայեցակարգերում չկան»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ խորացված օտար լեզուների  ուսուցմամբ  դպրոցների ստեղծումը կարևոր է՝ բոլոր լեզուների համար: Նախարարի խոսքով՝ ֆրանսերենի խորոցված ուսուցմամբ դպրոցների մեթոդաբանության մշակման հարցում ԿԳՆ-ն համագործակցել է «Այլաս Ֆրանսես» /Ayla Francis/, անգլերենը՝ Բրիտանական խորհուրդներ, իսկ ռուսերենը՝ «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպությունների հետ. «Կրկնում եմ՝ միակ պետական լեզուն հայերենն է, որևէ այլ լեզու չի կարող այլ կարգավիճակ ունենալ, մնացած լեզուները օտար լեզու են և այս հայեցակարգերով ևս մի անգամ ամրագրվում է այդ թեզը: Իսկ օտար լեզուների ուսուցման համար սահմանվում է  երկու մակարդակ՝ համընդհանուր և խորացված: Խորացված ուսուցումը կարող է կազմակերպվել մի շարք համապատասխան ուղղությամբ դպրոցներում»,- նշել է Լևոն  Մկրտչյանը: Անդրադառնալով  ռուսերենի  հայեցակարգի վերաբերյալ  հանրային սուր արձագանքներին՝  ԿԳ նախարարն ընդգծել է, որ լեզուն հայ հասարակության համար պետականության և անկախության ամենկարևոր խորհրդանիշն է: Այս սուր արձագանքները նաև ցույց են տալիս մեր հասարակության պատրաստակամությունը՝ պաշտպանելու պետական անկախությունը:

Նիստի ընթացքում ԿԳ նախարարը պատասխանել է Հանրային խորհրդի անդամների հարցերին:

Մեկնաբանություններ