ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է «ՍԻՄԵՆՍ» ընկերության Ուկրաինայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Արտաշես Ղազարյանին, Հայաստանի և Մոլդովայի պատասխանատու, բիզնես վերլուծության ղեկավար Մայքլ Քլուգին և հայաստանյան ներկայացուցչության ղեկավարությանը։ Նրանք նախարարին համառոտ ներկայացրել են բժշկության ոլորտում ընկերության վերջին ձեռքբերումները։ Ընդգծվել է, որ «ՍԻՄԵՆՍ»-ը կարող է իր աջակցությունն ու մասնակցությունն ունենալ Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացման ծրագրերին։
Լևոն Ալթունյանը նշել է, որ ծանոթ է բժշկության ոլորտում «ՍԻՄԵՆՍ»-ի ունեցած դերակատարությանը և շուկայում ունեցած դիրքին։ Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերը` շեշտադրելով կանխարգելիչ սկրինինգային հետազոտությունները։
«Հայաստանի առողջապահության ոլորտն այսօր բարեփոխումների փուլում է։ Բժշկական օգնության որակի բարելավման և գործունեության թափանցիկության ապահովման ճանապարհին մենք կարևորում ենք նաև բժշկական կազմակերպությունների բիզնես պլանները և արտաքին աուդիտը»,-ասել է նախարար Ալթունյանը։
Քննարկվել են այս և մի շարք այլ ուղղություններով Հայաստանի հետ համագործակցությանը, դոնոր կազմակերպություններ ներգրավելուն առնչվող և այլ հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը։