Լույս է տեսել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործնական մեկնաբանություններ, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքը (ՀՀ Սահմանադրական դատարանի և Դատարանների նախագահների խորհրդի որոշումներով լրացված)» վերտառությամբ իրավական վերլուծությունը՝ երկրորդ, լրացված հրատարակությամբ (Ե., 2014, 1484 էջ):
Հեղինակ՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանում ֆրանսիական համալսարանի, ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոս Գոռ Թորոսյան
Խմբագիր՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն Տարոն Սիմոնյան
Աշխատանքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի առանձին հոդվածների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների, ինչպես նաև սահմանադրական դատարանի և դատարանների նախագահների խորհրդի որոշումների համակարգված ներկայացումն ու վերլուծությունն է: Հետազոտության առաջին տարբերակը տպագրվել է 2013 թվականին, և այս հրատարակությունը՝ համալրված նոր մեկնաբանություններով, թվով երկրորդն է: Հետազոտությունը մասնագիտական լսարանին հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով (www.e-lawyer.am):
Աշխատանքում հնարավորինս մանրամասն դասակարգված են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով որոշումները` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մեկնաբանությունների վերաբերյալ: Աշխատանքում ներառված են նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները, որոնցով տրվել է քաղաքացիական օրենսգրքի որոշ հոդվածների սահմանադրաիրավական մեկնաբանությունը: Դատարանները պրակտիկայում հաշվի են առնում նաև Դատարանների նախագահների խորհրդի պարզաբանող որոշումները, ուստի այդ որոշումները նույնպես ներառված են սույն աշխատանքում:
Ըստ գրքի խմբագրի բնորոշման՝ հայկական իրականությունում իր տեսակի մեջ աննախադեպ այս աշխատանքը նվիրված է հայկական պետականության համար ամենից կարևոր արժեքներից մեկի զարգացմանը` մասնավոր իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման, դրա շուրջ ձևավորված ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային բնույթ ունեցող որոշումների վերլուծությանը և հետևաբար` մասնավոր հարաբերությունները կարգավորող իրավական առանձին դրույթների կարգադրագրի առավել հստակ պատկերացմանը:
Ներկայում գույքային և անձնական, ոչ գույքային բնույթ կրող մասնավոր հարաբերությունների աճող բազմազանությունը, բարդացումը և փոխազդեցության համալիր կառուցվածքային որակներ ձեռք բերելը այդ հարաբերությունների բազմազանությունը կարգավորող իրավական նորմերի առջև դնում են նորանոր խնդիրներ:
Մասնավորապես այդ իրավահարաբերությունները, միայն օրենսդրական ակտերում ամրագրված լինելով, դեռևս լիարժեքորեն չեն կենսագործվում հասարակական հարաբերություններում՝ ի թիվս այլ պատճառների, նաև ամբողջական, համալիր տեսագործնական բովանդակությամբ թե′ իրավակիառողների կողմից և թե′ այլ անձանց կողմից ընկալված չլինելու պատճառով: Բացի այդ, միայն օրենսդրական կարգավորումը բավարար չէ պարբերաբար ձևափոխվող համալիր հարաբերությունները ամբողջությամբ և սահուն կարգավորելու համար:
Ուստի այժմ Հայաստանում՝ որպես Ռոմանագերմանական իրավական ընտանիքի անդամ, կարիք է զգացվում, արդեն բավականին մեծ քանակությամբ օրենսդրական ակտեր ընդունելուց զատ, զարգացնել նաև նախադեպային իրավունքի ռոմանագերմանական տարբերակը: Վերջինս չի ստեղծում, սակայն իրավական նորմերի խորը, համակողմանի մեկնաբանության միջոցով ձգտում է ապահովել իրավական նորմի միատեսակ կիրառումը և հնարավորության դեպքերում` նաև օրենսդրական բացերի լրացումը:
Հենց այս հանգամանքով էլ պայմանավորված է աշխատանքի կարևորությունն ու արդիականությունը: Այն առաջին ամբողջական հետազոտությունն է, որը փորձում է մեկտեղել ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումները և դրանք օգտագործել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի հիմնական դրույթների տեսագործնական մեկնաբանությունն իրականացնելու համար:
Աշխատանքում հնարավորինս մանրամասն դասակարգված են վճռաբեկ դատարանի քաղաքացիական գործերով որոշումները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի մեկնաբանությունների վերաբերյալ: Աշխատանքում ներառված են նաև ՀՀ սահմանադրական դատարանի որոշումները, որոնցով տրվել է քաղաքացիական օրենսգրքի այս կամ այն հոդվածի սահմանադրաիրավական մեկնաբանությունը: Դատարանները պրակտիկայում հաշվի են առնում նաև դատարանների նախագահների խորհրդի պարզաբանող որոշումները, ուստի այդ որոշումները նույնպես ներառված են սույն աշխատանքում:
Աշխատանքում բացի քաղաքացիական օրենսգրքի կոնկրետ հոդվածներից, ներառված են նաև այդ հոդվածների հիման վրա ընդունված այլ օրենքների վերաբերյալ վճռաբեկ դատարանի, սահմանադրական դատարանի և դատարանների նախագահների խորհրդի որոշումները (օրինակ` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի, Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի, կառավարության մի շարք որոշումների և այլն), ինչպես նաև քաղաքացիական օրենսգրքի հետ կապված այլ օրենքների և օրենսգրքերի նորմերի մեկնաբանության վերաբերյալ որոշումները (օրինակ` Հողային օրենսգրքի, Ընտանեկան օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի և այլն):
Աշխատանքում ներկայացված է նաև որոշ հարցերի վերաբերյալ այլ երկրների դատական պրակտիկան, որոնք ՀՀ դատական պրակտիկայում նույնպես բարձրացվում են, սակայն դրանք դեռևս հստակ լուծում չեն ստացել: Աշխատանքի կառուցվածքը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կառուցվածքին՝ դրա կիրառումն ավելի դյուրին դարձնելու համար: Ներառված են վճռաբեկ դատարանի որոշումներից համապատասխան մեջբերումներ, որոնք կօգնեն իրավակիրառողներին իրենց գործունեության ընթացքում: Միաժամանակ ներկայացված են մեկնաբանություններ վճռաբեկ դատարանի որոշումների վերաբերյալ, ինչպես նաև՝ կոնկրետ որոշումների վերլուծության արդյունքում կատարված ընդհանուր եզրահանգումներ, որոնք նույնպես օգտակար կլինեն պրակտիկ գործունեության ժամանակ:
Աշխատանքում ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները ներկայացնելուց հետո տրված են համապատասխան որոշման գործի համարը և ընդունման ամսաթիվը (օրինակ ԵՔԴ/0736/02/08 2010 թվականի հոկտեմբերի 29), կամ որոշումը ներկայացված է ըստ կողմերի և գործի համարի ու ամսաթվի (օրինակ տես Արթուր Ղամբարյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` հողամասի մասի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, այգեգործական նպատակով հատկացված հողամասի նկատմամբ անհատույց սեփականության իրավունքի ճանաչման, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կառուցված բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ԵԿԴ/1862/02/08 որոշումը):
Գիրքը նախատեսված է իրավագիտության ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, փաստաբանների, նոտարների, դատավորների, դատախազների, պատգամավորների, քաղաքացիական ծառայողների և քաղաքացիական իրավունքով հետաքրքրվող այլ անձանց համար: Հասանելի է մայրաքաղաքի գրախանութներում:
Աշխատանքը հրատարակվել է «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» իրավաբանական գրասենյակի հետազոտական և ֆինանսական աջակցությամբ: