Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ բացահայտված՝ Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության աշխատակիցների կողմից խարդախությամբ հափշտված ավելի քան 15 մլն դրամի վնասը հատուցվել է

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ եւ վերլուծությամբ պարզվել է, որ մարզում կոռուպցիոն բնույթի դրսեւորումների ռիսկերը մեծ են հատկապես սոցիալական աջակցության ոլորտում, որտեղ հանցավոր ոտնձգությունները հաճախ կատարվում է խոցելի խմբերի, ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված եւ նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ:

Մասնավորապես ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 38-3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռք բերված փաստական ​​տվյալներով Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետը «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային մասնաճյուղերի օպերատորների օժանդակությամբ Ազնվաձոր եւ Բազում համայնքներում բնակվող նպաստառուներից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն:

Քրեական գործի նյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ կոռուպցիոն սխեմայում ներգրավված են եղել ոչ միայն ապօրինի վարձատրություն ստացողը, նրան օժանդակողները, այլեւ մեկ տասնյակից ավելի ապօրինի վարձատրություն տված անձինք, ինչը վկայում է, որ առերեւույթ կատարված հանցագործության մասին իրազեկ անձանց շրջանակը բավականին ընդգրկուն է: Այս հանգամանքը հիմք է տվել կարծելու, որ մարզի վարչական տարածքում գործող սոցիալական ծառայության մյուս տարածքային գործակալություններում նմանատիպ կոռուպցիոն դրսեւորումների հավանականությունը եւս մեծ է:

Ելնելով դրանից, Լոռու մարզի դատախազի կողմից դեռեւս 14.05.2018 թ. գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետին, մարզի վարչական տարածքում գտնվող սոցիալական ծառայության մյուս տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում հնարավոր հանցավոր դրսեւորումներն ու դրանց մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարությամբ:

Իրականացված աշխատանքների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՀՀ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության աշխատողների կողմից չարաշահումներ թույլ տալու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ստեփանավանի ՍԾՏԳ թվով 4 աշխատակիցներ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, տարբեր ժամանակահատվածներում, մինչև 2018թ. հունիս ամիսը, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Դրանց գումարները, նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով՝ «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքներն սպասարկող փոստային բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել և այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են խոշոր չափերով ընդհանուր 15.248.500 ՀՀ դրամ:

Դեպքի առթիվ 2018 թվականի հունիսի 29-ին ՀՀ ոստիկանության Ստեփանավանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-րդ և 2-րդ կետերի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի,  178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում ենթադրաբար չարաշահումներ թույլ տրված աշխատակիցներն ամբողջությամբ հատուցել են պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու ուղղությամբ:

 

Ծանուցում ենթադրյալ  հանցանքի  մեջ  կասկածվողը  կամ  մեղադրվողը  համարվում  է  անմեղ քանի  դեռ  նրա մեղավորությունն  ապացուցված  չէ  ՀՀ  քրեական  դատավարության  օրենսգրքով  սահմանված  կարգով դատարանի օրինական  ուժի  մեջ  մտած  դատավճռով :

Մեկնաբանություններ