Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանների նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը այսօր չկայացավ: Ամբաստանյալներից Արարատ Նիկողոսյանի նշիկները հեռացրել են, ինչի արդյունքում էլ բժիշկները թույլ չեն տվել վերջինիս ներկայանալ դատարան:
Նշենք, որ այսօր պետք է շարունակվեր վկանների հարցաքննությունը: Պետք է հարցաքննվեին դեպքի օրը ամբաստանյալների հետ եղած Մարիամ Գրիգորյանը և Հայկ Պետրոսյանը, ով հանդիսանում է դեպքի վայրի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման տնօրենը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հունիսի 4-ին, Նուբարաշենի խճուղում սպանվել էր լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսինը՝ Եղիշե Խաչատրյանը:
Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը, Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը, Արթուր Զաքարյանը խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաև կրծքավանդակի և որովայնի շրջաններում, պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` դիտավորությամբ զրկել են կյանքից: Միևնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` նույն խումբը կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: