Դիմումատուն՝ Նատալիա Լազորիվան, ազգությամբ ռուս է, ծնվել է 1966 թվականին և ապրում է Ռուսաստանի Մագադանի մարզում։ Գործի շրջանակներում Դիմումատուն բողոքել է, որ Ուկրաինայի դատարանը հաշվի չի առել իր կարծիքը, մերժել է իր զարմիկի խնամակալությունը ստանձնելու մասին իր ներկայացրած հայցը, և երեխայի խնամակալությունը հանձնել է մեկ այլ ընտանիքի։
2007 թվականին Դիմումատուն դատարանի կողմից նշանակվել է իր քրոջ դստեր խնամակալ։ Նույն թվականին ծնվել է Դիմումատուի քրոջ որդին։
2012 թվականի մարտին Ուկրաինայի դատարանը երեխային խնամատար ընտանիք հանձնելու մասին որոշում է կայացրել, և նույն թվականի հուլիսին երեխային որդեգրել են Ուկրաինայի Չեռնովցի քաղաքում, որտեղ էլ նա բնակվել է։
Դիմումատուն հեռախոսազանգերի միջոցով կապ է հաստատել Ուկրաինայի իշխանությունների հետ և տեղեկացրել է նրանց, որ ցանկանում է ստանձնել իր զարմիկի խնամակալությունը։ Այդ նպատակով Մագադանի մարզի պետական մարմինները պաշտոնական նամակով դիմել են Չեռնովցի քաղաքի իշխանություններին։ Այնուամենայնիվ, երեխայի որդեգրման համար դատական հատուկ վարույթն արդեն սկսել էր, և 2012 թվականի հոկտեմբերին Չեռնովցի շրջանային դատարանը երեխային հանձնել է նրան որդեգրած ամուսնական մի զույգի խնամակալությանը։ Դիմումատուն բողոքել է Ուկրաինայի դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ վերը նշված խախտման բացահայտումն ինքնին պատշաճ և արդարացի բավարարում է և արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ուկրաինան պարտավոր է Դիմումատուի կողմից կատարված դատական ծախսերը հատուցելու համար վճարել 215 եվրո, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։