Դեպարտամենտի լրատվական ծառայության աշխատակից Վարդուհի Պետրոսյանը պատասխանել է լրատվական կայքերից մեկի հրապարակմանը՝ դատավորի և դեպարտամենտի վերաբերյալ.
«Asekose.am կայքն իր ուղղվածությանն ու բովանդակությանը համապատասխան՝ տարածում է երրորդ անձանց անպարկեշտ, գռեհիկ մեկնաբանությունները՝ վիրավորելով այլոց, այս դեպքում՝ դատական իշխանության ներկայացուցիչների պատիվն ու արժանապատվությունը:
Նյութի հեղինակը, լրագրողական էթիկայի սահմաններում չտեղավորվող սեփական դատողություններով, փորձում է վարկաբեկել իրենց աշխատանքը բարեխիղճ կատարողներին: Այո՛, Բարձրագույն դատական խորհուրդը, Դատական դեպարտամենտը ողջունում են առողջ, հավասարակշռված քննադատությունն ու գնահատողական դատողությունը, սակայն անընդունելի են համարում ոչ պրոֆեսիոնալ և միակողմանի լուսաբանումները:
Ինչ վերաբերում է նյութի հեղինակի ջանքերին՝ հրահրել ու ենթադրյալ կրքեր բորբոքել, զուր են, քանզի թե՛ Բարձրագույն դատական խորհրդի, թե՛ Դատական դեպարտամենտի համար անընդունելի է էթիկայի թույլատրելի սահմաններից դուրս պատասխան տալու գործելաոճը: Դատական իշխանության հասցեին արված ցանկացած առողջ քննադատություն դիտարկվում է որպես ազատ կարծիքի արտահայտման դրսևորում, բայց անհանդուժելի են զազրախոսությունն ու վիրավորանքը:
Ուստի ևս մեկ անգամ խորհուրդ կտանք մեր գործընկերներին՝ չապակողմնորոշել հանրությանը, չվիրավորել դատական իշխանության ներկայացուցիչների հեղինակությունը, մնալ կոռեկտության ու լրագրողական էթիկայի սահմաններում, քանզի այն նախևառաջ բխում է իրենց իսկ շահերից»: