Դեկտեմբերի 23-ին ՀՀ արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված և վերջինիս ղեկավարությամբ գործող «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի բարեփոխումների հանձնաժողովի» հերթական նիստը:
Նիստին քննարկման է դրվել Հանձնաժողովի մշակած «Իրավական համաուսուցման և իրավական դաստիարակության համակարգի վերակառուցման հայեցակարգ»-ի հաստատման հարցը: Հայեցակարգի նպատակն է մշակել և ներդնել իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգ, իրավաբանական կրթության հետագա զարգացման միջոցառումներ: Հանձնաժողովը հավանության է արժանացրել հայեցակարգը՝ որոշելով այն դնել շրջանառության մեջ:
Նախատեսված է, որ Հայեցակարգն իրականացվելու է կրթության ոլորտի շահառուների լայն ներգրավմամբ և աջակցությամբ, այդ թվում` պետական մարմինների, բուհերի, գործատուների, ուսանողության, իրավաբանների միության, ինչպես նաև կրթության ոլորտում ծրագրեր ֆինանսավորող ներպետական և միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ:
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվական կենտրոն