Իրավագետ ուսանողների ճանաչողական այցելություն՝ «ELL PARTNERSHIP» իրավաբանական գրասենյակ

ELLՄարտի 10-ին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները հյուրընկալվել էին «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ իրավաբանական գրասենյակի աշխատակազմին: Ուսանողները անթաքույց հետաքրքրությամբ ունկնդրում էին գրասենյակի աշխատակիցների գործնական և արդիական նկատառումները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև արտասահմանյան երկրներում իրավաբանական և, հատկապես, փաստաբանական գրասենյակների գործունեության վերաբերյալ:

Հայաստանյան իրականության մեջ իրավաբանական ծառայությունների շուկան բավական բազմաշերտ է, ուստի ուսանողները հետամուտ էին հնարավորինս տարողունակ ու բազմակողմանի տեղեկատվություն ստանալուն: Հատկապես հետաքրքրության կենտրոնում էին այնպիսի հարցեր, ինչպիսիք են մասնագիտական գործունեություն ծավալելու հիմնաքարերը` ինչի՞ց սկսել, ինչպե՞ս զարգանալ, գրասենյակային գործունեության ընթացքում հնարավոր ուղղությունները, որոնք առավել մեծ պահանջարկ են վայելում, ծրագրերի իրականացումը գրասենյակային գործունեության ընթացքում և այլն:

«Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ իրավաբանական գրասենյակի աշխատակիցներ, ողջունելով նման հետաքրքրվածությունը, մեծ պատրաստակամությամբ իրավագետների նոր սերնդի ներկայացուցիչներին ծանոթացրին ոլորտում առկա հիմնախնդիրներին, իրավական փաստաթղթեր կազմելու հմտություններին, այն հնարավոր խնդիրներին, որոնք կարող են ի հայտ գալ իրավաբանական մասնագիտական ոլորտում: Հանդիպման ընթացքում ուսանողները հարց բարձրացրին` հնարավո՞ր է արդյոք օրենսդրական ոլորտում որոշակի փոփոխությունների սկզբնաղբյուր հանդիսանալ` առաջադրելով առկա օրենսդրական խնդիրների հնարավոր լուծումներ, և, ի պատասխան, տեղեկացան, որ ներկայումս հայաստանյան իրականության մեջ առավել արդիական է դառնում իրավական խնդիրների արտադատական լուծման մեխանիզմների հիմնադրումն ու զարգացումը:

Գրասենյակի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս, Եվրոպական արբիտրաժային պալատի արբիտր, պալատի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Տարոն Սիմոնյանը նշեց, որ իրավագիտության ֆակուլտետի նոր սերունդը բացառիկ հնարավորություն ունի ոչ միայն ականատես լինելու, այլև անմիջականորեն մասնակցելու հայաստանյան իրավական համակարգում նորամուծությունների ներդրմանն ու իրավական համակարգի զարգացմանը, ուստի պետք է հետամուտ լինի իր հնարավորությունների հնարավորինս ամբողաջական և բազմակողմանի իրացմանը:ELL-4

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին հնարավորություն տրվեց ծանոթանալու իրավական շուկայում առկա փաստաթղթաշրջանառության հիմնական տեսակներին, մասնավորապես, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի օրինակելի նմուշի, իրավական կարծիքի օրինակելի նմուշի, վճռաբեկ բողոքի օրինակի և այլ փաստաթղթերի, որոնք հետագայում կարող են օգտակար գտնվել նոր սերնդի իրավագետների մասնագիտական գործունեության համար:

Հանդիպման ընթացքում ուսանողներին հնարավորություն ընձեռվեց նաև մանրամասն ծանոթանալու այնպիսի ծրագրային նախաձեռնությունների, ինչպիսիք են` LegalInfo.am կայքի կողմից տեղեկատվական դաշտում ընձեռվող լայն հնարավորություններին, ինչպես նաև www.e-lawyer.am կայքի տրամադրած հնարավորություններին, որոնց շրջանակներում ցանկացողները, այդ թվում` ուսանողները, կարող են ծանոթանալ ՀՀ հիմնական օրենսդրական և այլ իրավական ակտերի գործնական մեկնաբանություններին, մասնավորապես, ներկայումս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախադեպային վերլուծությանը, ինչպես նաև տեղեկացան, որ հնարավորություն ունեն մասնակցելու գրասենյակի կողմից կազմակերպվող վերապատրաստման (վարպետության) դասընթացների` իրավունքի առավել հիմնահարցային ոլորտներում:

Հանդիպման վերջում ուսանողները գրասենյակի կողմից ստացան խորհրդանշական նվերներ` «Միջազգային և համեմատական իրավունքի վերաբերյալ հայաստանյան տարեգիրք», որը հրատարակվել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության և «Ի ԷԼ ԷԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ իրավաբանական գրասենյակի համատեղ ջանքերով:

Գրասենյակի աշխատակազմը պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս աջակցելու ուսանողների մասնագիտական զարգացմանն ու ինքնաիրացմանը, իսկ ուսանողները շնորհակալության հետ մեկտեղ հույս հայտնեցին, որ հնարավորություն կսատանան հետագայում ևս համագործակցել ու մասնագիտական փորձ ստանալ գրասենյակի կողմից իրականացվող գործունեությանը հաղորդակից դառնալու միջոցով:


ELL-2
ELL-3

 

 

Մեկնաբանություններ