ՀՀ Քրեական օրեսգրքի Հոդված 132-ը սահմանում է երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը:
Ըստ օրենքի՝ շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը պատժվում է յոթից տասը տարի ժամկետով ազատազրկմամբ, ինչպես նաև գույքի բռնագրավմամբ և որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Եթե շահագործման նպատակով երեխային, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև այդպիսի անձանց շահագործելը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքը օգտագործելով, բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, առևանգման միջոցով, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելով` անձի տեղափոխումը կազմակերպելու միջոցով, ապա պատժվում է տասից տասներկու տարի ժամկետով ազատազրկմամբ
Եթե վերոնշյալ արարքը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, նաև անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ կամ այլ ծանր հետևանքներ ապա պատժվում է տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկմամբ:
ՀՀ Քրեական օրենսգրքին Հոդված 132.3 սահմանում է՝ շահագործման վիճակում գտնվող անձի ծառայությունից օգտվելը, եթե այդ անձի շահագործման վիճակի մեջ լինելը ակնհայտ է ծառայությունից օգտվողի համար, և եթե հանցագործություն կատարած անձի արարքում բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ կամ 132.2-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, ապա պատժվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով տուգանքով կամ առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկմամբ:
Նույն արարքը, որը կատարվել է ակնհայտ անչափահասի նկատմամբ, հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի նկատմամբ, ակնհայտ հղի կնոջ նկատմամբ կամ երկու և ավելի անձանց նկատմամբ, ապա պատժվում է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկմամբ:
Նշենք նաև, որ օրենքը սահամներել է, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին տուժողի մասին կամովին տեղեկություններ հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում: