Իշխան Բարսեղյանի գործով նիստը հետաձվեց՝ ամբաստանյալի բացակայության պատճառով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատական նիստը հետաձվեց, քանի որ դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Էլզա Զաքարյանը:

Վերջինիս պաշտպանը դատարանին խնդրեց հետաձգել նիստը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալը վատառողջ է և չի կարող ներկայանալ նիստին, իսկ հաջորդ նիստի ժամանակ կներկայացնեն համապատասխան փաստաթղթեր:

Դատավոր Վաչե Մարգարյանը որոշեց նիստը հետաձգել:

Նշենք, որ Իշխան Բարսեղյանի և Էլզա Զաքարյանի գործով դատաքննությունն ավարտվել է և դատարանն անցել է դատական վիճաբանությունների փուլին: Նախորդ նիստի ժամանակ Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը դատարանին հայտնեց, որ իրենք ունեն ևս մի քանի միջնորդություններ, սակայն նպատակահարմար չեն գտնում դրանք ներկայացնելու, քանի որ միևնույն է դրանք մերժվելու են:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 17-ին, որի ժամանակ մեղադրող դատախազ Կարեն Բիշարյանը հանդես կգա մեղադրական ճառով:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը:

Մեկնաբանություններ