«Իմ կյանքը վտանգի տակ է ներկա պահին». սպանված, ապա դիակը լողացված գյումրեցու մորը սպառնում են

Մոտ մեկ ամիս առաջ անդրադարձել էինք Ռուզաննա Ադանալյանի որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության գործի մանրամասներին, մինչ օրս կատարված նախաքննության արդյունքներին և տիկին Ռուզաննայի կասկածներին: Այսօր արդեն կան նորություններ և փոփոխություններ Արտյոմ Ադանալյանի սպանության գործի հետ կապված:

«Իմ տված վերջին ասուլիսից հետո, իրավիճակը բավականին փոխվեց, ընդ որում, փոխվեց դեպի վատը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Աշոտ Մանուկյանը, ով քննում էր որդուս սպանության գործը, սկսել է էլ ավելի կողմնակալ վերաբերմունք դրսևորել իմ նկատմամբ»,- այսօր իրավիճակը ներկայացրեց Ռուզաննա Ադանալյանը:

Դատավոր Մանուկյանը, դատական նիստի ավարտի ժամանակ, հաջորդ նիստ նշանակելու համար չի հարցնում տուժողի իրավահաջորդ՝ տիկին Ռուզաննայի կարծիքը, այլ դատախազի և պաշտպանական կողմի դիրքորոշումներն իմանալուց հետո, միանգամից նշանակում է  հաջորդ նիստի օրը և հեռանում դատական դահլիճից:

«Նախագահող դատավորը հիմնականում նիստերը նշանակում է չորեքշաբթի և ուրբաթ օրերին, հստահ հասկանալով, որ այդ օրերին ծանրաբեռնված են Հելսինկյան ասոցացիան և ոլորտը լուսաբանող լրագրողները: Այդպիսով, նա փորձում է հանրային հնչեղությունից զերծ պահել դատական նիստը, որպեսզի չլուսաբանվի այն: Երբ փորձեցի խոսել դատավորի հետ այս թեմայով, նա ասաց, որ իր վրա սահմանված ժամկետ կա և պետք է այդ ժամանակում ավարտին հասցնի այս գործը»,- պատմեց Ռուզաննա Ադանալյանը:

Վերջինիս խոսքով, ի հակադրություն դատավորի ասածին, պարզվում է, որ դատավոր Մանուկյանը գնացել էր անժամկետ բուժման և վերադարձել է միայն 3 ամիս անց, առանց իրեն փոխարինող դատավոր նշանակելու:

«Դատավորն անընդհատ, առանց հիմնավոր պատճառների հետաձգում է դատական նիստերը: Մեկ հետաձգում է, ասելով՝ ամբաստանյալին տեղափոխող մեքենան է փչացել, սակայն, Ոստիկանություն դիմելով, պարզում եմ, որ նման բան չկա, մեկ նիստն այնպիսի օր ու ժամի է նշանակում, որը հարմար չի լինում, քանի որ մեկ այլ գործի լսում ուներ»:

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը, դատավորի այս քայլերի մեջ բացահայտ միտում է տեսնում:

«Ամեն հաջորդող դատական նիստով, մեր մեջ հիմնավորվում է այն կարծիքը, որ այստեղ մի բան այն չէ և այս հանգամանքը մեզ ավելի է շահագրգռել, որ ներգրավվենք այս դատական գործընթացի մեջ: Դատավորի կողմից չցանկանալը, որ դատական նիստը նշանակի այնպիսի օրերին, որ հարմար լինի նաև տուժողի իրավահաջորդին և նրա պաշտպաններին, ավելի է սրում այն կասկածները, որոնք մինչ օրս կային»:

Փաստաբաններ Նինա Կարապետյանցը և Արայիկ Պապիկյանը դիմել էին դատավոր Մանուկյանին, միջնորդություն ներկայացնելով, որ դատական նիստերի օրերը փոխվի, քանի որ վերջիններս ներգրավված են այլ դատական գործերի մեջ: Դատավորը նրանցից պահանջել էր ներկայացնել համաձայնագիր, որն ինչպես նշում է Նինա Կարապետյանցը, իրենց համար բավականին անհասկանալի է:

«Այստեղ ես տեսնում եմ անձնական շահեր, կոռուպցիոն ռիսկեր: Սա սպանություն է, այստեղ չկան աղմկահարույց քաղաքական ինտրիգներ, իսկ դատավորի և նախաքննության մեջ այսքան թերացումները, խախտումները և շահագրգռվածությունը, պետք է ինչ-որ պատճառ ունենան»:

Տիկին Ռուզաննայի կարծիքով, այժմ վտանգված է նաև իր կյանքն ու առողջությունը: Վերջինս նշում է, որ չի բացառվում, որ իր հետ նույնպես այնպես վարվեն, ինչպես վարվել են որդու նկատմամբ:

«Հետ գնալով, նախադեպերն ու ապացույցները հաշվի առնելով, հիմա արդեն հստակ և վստահ կարող եմ ասել, որ այո՛, իմ կյանքը վտանգի տակ է ներկա պահին: Որդուս սպանողներից միայն մեկն է այսօր մեղադրյալի կարգավիճակում, և իմ այս շահագրգռված վիճակը, ապացույցները ջրի երես հանելը, անհետևանք մնալ չեն կարող: Սա կոռումպացված մեծ քրեական գործ է, որի հետևում շատ պաշտոնատար անձիք են կանգնած, որոնց ձեռնտու չէ գործի բացահայտումը»,-ասում է սպանվածի մայրը:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրեց նաև դեպքեր, որոնք առիթ են հանդիսացել նման կասկածների: Վերջինս պատմեց, թե ինչպես է ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանի եղբայրը դատական դահլիճում, իսկ հաջորդ անգամ արդեն փողոցում հարձակվել իր վրա և ծեծել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն, ուղղորդված վկաների վկայությունների հիման վրա, գործը կարճվել է:

Տիկին Ռուզաննային սպառնացել է նաև ամուսինը՝ «Երևանի ճանապարհների վրա քեզ ճզմելու եմ», ասել էր Ավետիք Ադանալյանը:

Վերջում, Ռուզաննա Ադանալյանը նշեց, որ մինչև վերջ գնալու է և բացահայտնելու է այս մութ գործը․ «Ես 25 տարեկան տղա եմ կորցրել, այնպիսի տղա, որի հետ նման իրավիճակ չպետք է ստեղծվեր»:

Հիշեցնենք, որ արդեն 3 տարի է, ինչ Ռուզաննա Ադանալյանը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությանը զուգահեռ, իր սեփական հետաքննությունն է սկսել՝ բացահայտել 2014 թ. հոկտեմբերի 29-ին իր սեփական տան մեջ 25-ամյա որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանությունը. տղային սպանել էին, ապա լողացրել դիակը: Գործը մինչ օրս դատական գործընթացի մեջ է, նոր բացահայտումներ չկան, իսկ ըստ տիկին Ռուզաննայի, այն ընդամենը կոծկման փուլում է:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ