«Ժողովուրդ ջան, էսօր Էս ի՞նչ արեցիք». Նիկոլ Փաշինյանը դիմեց ցուցարարներին

Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթով հանդես եկավ Հանրապետության հրապարակում, վերջինս իր խոսքը սկսեց՝ «Ժողովուրդ ջան, էսօր Էս ի՞նչ արեցիք» տողերով: Նշենք, որ այս պահին Հրապարակը մարդաշատ է:

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ արդեն ամբողջ աշխարհն է տեսնում, որ սա ժողովրդական, ոչ բռնի և թավշյա հեղափոխություն է, որով հաղթանակ են տանելու, իսկ իշխանության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնում իրենց հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ:

«Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին Հայաստանի Հանրապետությունում: Սերժ Սարգսյանի իշխանությունը մահացած է: Հայաստանի Հանրապետությունում՝ այո՛, մենք երկխոսում ենք իշխանության հետ, որովհետև ժողովուրդն իշխանությունն իր ձեռքն է վերցրել: Մենք երկխոսում ենք այստեղ, հիմա Հայաստանի Հանրապետության ամենաուժեղ, ամենահզոր և հավերժական իշխանության հետ»,- իր խոսքում նշեց նա:

Փաշինյանը հայտնեց, որ իրենք չեն պատրաստվում երկխոսել քաղաքական դիակի հետ, իսկ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է. «Եթե Սերժ Սարգսյանն օր առաջ բացի աչքերը և հրաժարական տա, ապա դա միայն օգուտ կբերի և՛ իրեն, և՛ Հայաստանի Հանրապետությանը»:

Վերջում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ արեց վաղը  11:00-ից սկսել և անել նույն քայլերն, ինչ այսօր:

«Ես վաղը 11:00-ից քայլարշավը կսկսեմ 7-րդ Մասիվի «Նոր տուն» տարածքից»,- հայտնեց նա:

 

 

Մեկնաբանություններ