Ժնևում կայացել է ՀՀ արտգործնախարարի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի հանդիպումը

Այս տարվա սեպտեմբերի 10-ին Ժնևում կայացել է Մարդու իրավունքների խորհրդի 39-րդ նստաշրջանը։ Ժնևում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նորանշանակ Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր և բարձր են գնահատել Հայաստանի և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցությունը:

Հանդիպման շրջանակներում նախարարն ասել է, որ Հայաստանում շարունակվում են բարեփոխումներ իրականացվել՝ ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների իրականացման, օրենքի առաջ բոլորի համար հավասարություն ապահովելու, արդարադատության արդյունավետ իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարելու ուղղությամբ։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նորանշանակ Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն իր հերթին նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները մշտապես գտնվել են գրասենյակի ուշադրության կենտրոնում: Նա գոհունակություն է հայտնել գործընթացի խաղաղ արդյունքի կապակցությամբ: Գերագույն հանձնակատարը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում։

Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև ցեղասպանությունները կանխելու համար միջազգային հանրության ջանքերին: Նշվել է այս գործընթացում Հայաստանի ունեցած նշանակալի ներդրումը: Նախարարը տեղեկացրել է Միշել Բաչելետին դեկտեմբերի 9-ին Երևանում կազմակերպվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումի աշխատանքների մասին։

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործընթացին ուղղված Հայաստանի պատրաստակամությունը։ Նա ընդգծել է, որ Արցախը վավերացրել է և իրականացնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հիմնական փաստաթղթերը։

Մեկնաբանություններ