«Երկիր ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝
«26.07.2018 թվականին ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին քննարկում: Քննարկումը ղեկավարում էր Դանիել Իոնիսյանը:
Քննարկման ժամանակ խոսվեց այնպիսի բարեփոխումների մասին, որոնք իրենց բնույթով կոսմետիկ էին, որեւէ էական հարց չէին լուծում: Քննարկումը ուղղված էր ընտրական օրենսգրքում իրականացվելիք այնպիսի փոփոխություններին եւ լրացումներին, որի շնորհիվ պետք է բացառվեն ընտրակեղծիքները, եւ ՀՀ քաղաքացիները ունենային հնարավորություն ազատվելու քաղաքական մենաշնորհից:
Քննարկմանը նաեւ մասնակցում էր «Երկիր ծիրանի» կուսակցությունը, որը հանդես եկավ իր առաջարկություններով եւ քննարկման արդյունքում ծագած հարցերով:
Շուրջ քառորդ դար գործող քաղաքական մենաշնորհը զրկել հայ ազգի հիմնական մասին քաղաքական որոշումների կայացման մասնակցային հնարավորությունից (ընտրելու եւ ընտրվելու իրավունքից), ուստի՝ այս համատեքստում «Երկիր ծիրանի» կուսակցությունը առաջարկեց, որպեսզի սփյուռքում ապրող ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ արցախաբնակ հայությունը հնարավորություն ունենան ընտրելու եւ ընտրվելու, ինչպես նաեւ ներկայացվեց մեխանիզմներ առաջարկը իրագործելու համար:
Նիստը վարողը ուղղակի պատասխանեց, որ չեն կարող այդ ծրագիրը իրագործել, այսպիսով՝ զրկելով ՀՀ քաղաքացիներին սահմանադրությամբ ամրագրված իրավունքից:
Թվացյալ այս բարեփոխումները ուղղված են միայն ձեւական պահանջներ բավարարելուն, մասնավորապես որոշվել էր, որ Հանրային հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակը պետք է ավելացվի, պարտավորեցվի վերջինիս բանավեճեր կազմակերպել եւ այլն:
Նիստը վարողը շարունակ կրկնում էր, որ նախկինում ընտրությունները անց են կացվել հանցավոր համաձայնության միջոցով: Սակայն այն հարցին, թե ինչ է արվում նախկինում այդ հանցավոր համաձայնության եկած անձինք քրեական պատասխանատվության ենթարկվեն՝ մասնավորապես Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Մուկուչյանը, պատասխան հնչեց, որ վերջինս իրավապահ մարմին չէ եւ հարցին պատասխանել չի կարող:
Իր զեկույցում նիստը վարողը ներկայացրեց «բարեգործությունը» քրեականացնող նախագծի մասին, սակայն «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցչի հարցին, թե երբ է ուժի մեջ մտնելու այդ նախագիծը՝ քաղաքապետի ընտրություններից առաջ, թե հետո, պատասխանեց, որ չեն հասցնի, եւ նախագծի ընդունումը կլինի քաղաքապետի ընտրություններից հետո:
«Երկիր ծիրանի» կուսակցությունն ընտրական նախագծի այս քննարկումը գնահատում է անբավարար: Տարիների շարունակ կուտակված ու բազմիցս բարձրաձայնված ընտրակեղծիքների հիմնարար լուծման ընթացակարգը, բանալին այդպես էլ նիստի շրջանակներում չգտնվեց, ավելին արձանագրվեց՝ կոծկման, անորոշության քաղաքականություն: «Ռեինկարնացիա» անվան տակ կայացած քննարկումը պարզապես եւս մեկ անգամ փաստեց, որ նախկին գորշ իրողություններից, գործելակերպերից դեռեւս չենք ձերբազատվել եւ ընտրական նախագծի մեջ հիմնարար փոփոխություններ կատարելու համար հարկավոր են քաղաքական բարձր ունակությունների եւ մտահորիզոնի տեր անձինք:
Լավ դիմահարդարում ստացած նիստերից ու որոշումներից հանությունը եւ քաղաքական շատ գործիչներ ձանձրացել են, ժամանակն է լուրջ, գործուն, ազդեցիկ, նպատակային քայլերի՝ առանց ժամավաճառ լինելու: