«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված հանցագործության համար հետախուզվողները Վրաստանում ձերբակալվել են

Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները հետևողական, լայնածավալ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերեցին ու ձերբակալեցին սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին:

Արդյունավետ էր հատկապես համակարգված աշխատանքը Վրաստանի իրավապահների հետ, որն արդեն ավանդույթ է և փոխլրացնող գործողությունների շնորհիվ մեկ անգամ չէ, որ դրական արդյունք է տվել հանցավորության դեմ համատեղ պայքարում:
Այսօր վրաց գործընկերների հետ քննարկվում է Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին Հայաստան տեղափոխելու ընթացակարգը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակել էին երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։
Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին և Ռաֆիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին:
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված և արդյունավետ գործողությունների շնորհիվ Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվեց Կոտայքի մարզում ու բերման ենթարկվեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի հետախուզումը շարունակվում էր ողջ ծավալով ու մեծ ընդգրկումով, և սպասված արդյունքը չուշացավ:
Նախաքննությունը շարունակվում է:

Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?time_continue=3&v=p7plf4xpFKE

Մեկնաբանություններ