Թուրքիայի Առևտրի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է հայց ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ թուրքական պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերը բարձրացնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշման վերաբերյալ։
Անկարայում դեսպանների և միջազգային կազմակերպություններում Թուրքիայի մշտական ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ Թուրքիայի Առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտարարել է, որ Թուրքիան ԱՀԿ-ում արբիտրների խումբ է հրավիրել և պատրաստվում է դատական գործ հարուցել ԱՄՆ-ի դեմ։ Այսկերպ, Թուրքիան մտադիր է ԱՀԿ-ի դատավարության շրջանակներում բողոքարկել թուրքական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը բարձրացնելու մասին ԱՄՆ իշխանությունների կայացրած որոշումը։ Թուրքիայի իշխանությունների կարծիքով՝ թուրքական արտադրանքի ներմուծման համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումը և առևտրային հարաբերություններում նրա վարած քաղաքականությունը հակասում է ԱՀԿ կանոններին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է թուրքական ալյումինի և պողպատի ներկրման մաքսատուրքերը կրկնապատկելու որոշման մասին։ Ի պատասխան ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների՝ Թուրքիան իր հերթին կտրուկ բարձրացրել է ամերիկյան մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը։ Մասնավորապես՝ Թուրքիան նոր մաքսատուրքեր է սահմանել ԱՄՆ-ից ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, ավտոմեքենաների, կոսմետիկ պարագաների, բրնձի և մրգերի ներմուծման համար։ Մաքսատուրքերի բարձրացման ընդհանուր գումարը կազմում է 533 մլն ԱՄՆ դոլար։