Թուրքիայում ծառայության ընթացքում սպանված հայազգի զինվորի գործը կվերանայվի սկզբից

SevagԴիարբեքիրի ռազմական դատարանում տեղի է ունեցել զինծառայության ընթացքում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըքչըի գործով դատական հերթական՝ 20-րդ նիստը: Դատավարության ժամանակ որոշում է կայացվել վերանայել գործն ամենասկզբից: 

Այդ մասին հաղորդում է «Tert.am»-ը:

Բալըքչը ընտանիքը պահանջում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ Ապրիլիի 24-ին, Սևակ Բալըքչըին սպանած Քըվանչ Աղաօղլուին պատասխանատվության ենթարկել կանխամտածված սպանության համար, իսկ Աղաօղլուն պնդում է, որ Սևակի սպանությունը միտումնավոր չի եղել: 

Դատական նիստի ընթացքում ելույթ է ունեցել Սևակ Բալըքչըի հայրը՝ Կարապետ Բալըքչըն, ով պահանջել է ստուգել, թե համաձայն դատական նյութերում առկա փաստերի՝ ով է Սևակին ասել. «Թմբլիկս, քեզ կսպանեմ, սա քո կերած վերջին բլիթն է»:

Ավելի վաղ ապացուցվել էր, որ դատավարության ընթացքում վկաների շրջանում սուտ ցուցմունք տվողներ են եղել, ինչի պատճառն Աղաօղլու ընտանիքի կողմից ստացած սպառնալիքներն են եղել:

Դատական հաջորդ նիստը տեղի է ունենալու 2015թ.-ի փետրվարի 27-ին: