Դիմումատուն՝ Գարիկ Թորոսյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1983 թվականին: Նա ապրում է Սալոնիկում (Հունաստան): 2015 թվականի փետրվարի 16-ին նա ձերբակալվել և կալանավորվել է։ Դիմումատուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել զինված ավազակային հարձակման մեղադրանքով, որը կատարվել է այլ հանցագործությունների հետ։ Նրան նաև մեղադրել են այլ անձանց նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար՝ հանգեցնելով մեկ անձի մահվան դեպքի և մյուսների ծանր մարմնական վնասվածքների։ 2020 թվականին նա վերաքննիչ դատարանի կողմից երկու անգամ դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Դիմումատուն բողոքարկել է դատարանի որոշումները։
Գործը վերաբերում է Դիմումատուի այն բողոքին, որ ձերբակալման օրը նա ենթարկվել է դաժան վերաբերմունքի ոստիկանության աշխատակիցների կողմից: Խոսքը վերաբերում է նաև այդ ոստիկանների նկատմամբ քրեական և կարգապահական վարույթին։ Դիմումատուն նաև պնդել է, որ ֆիզիկական խոշտանգումների է ենթարկվել նաև բանտում։
Հիմք ընդունելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի 3-րդ հոդվածը (խոշտանգումների արգելում)՝ Թորոսյանը պնդում է, որ իրեն ձերբակալելիս ենթարկվել է ֆիզիկական բռնության ոստիկանության ծառայողների կողմից։
Հիմք ընդունելով Կոնվենցիայի 13-րդ հոդվածը (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) նա պնդում է, որ վարչական և դատական մարմինները արդյունավետ քննություն չեն իրականացրել ոստիկանական բռնության վերաբերյալ իր պնդումների վերաբերյալ։ Հիմք ընդունելով 6-րդ հոդվածը (արդար դատաքննության իրավունք)՝ Դիմումատուն պնդում է, որ խախտվել է դատարան դիմելու իր իրավունքը, քանի որ 2016 թվականի հուլիսի 6-ին իր կողմից ներկայացված բողոքը համարվել է անընդունելի և մերժվել է տեղի դատական ատյանի կողմից։
2015թ. փետրվարի 16-ի ուշ երեկոյան Սալոնիկի ոստիկանության բաժանմունքի երեք ոստիկաններից բաղկացած թիմը ձերբակալել է Դիմումատուին` համաձայն թիվ 8/2015 ձերբակալման հրամանի: Ձերբակալության ժամանակ ոստիկանները գետնին են գցել նրան և ձեռնաշղթաներ հագցրել։ Դիմումատուի խոսքերով, նա չի փորձել փախչել կամ դիմադրել ոստիկաններին, այլ պաշտպանվել է իր դեմ ուղղված բռնություններից։
Դիմումատուն ի սկզբանե կտրականապես հերքել է, որ ինքն է կատարել այն զինված ավազակությունը, որի մեջ իրեն մեղադրել են։ Նա նշել է, որ ձերբակալությունից հետո իրեն երկարատև հարցաքննության են ենթարկել, որպեսզի ստիպեն խոստովանել հանցանքը, որը, իր պնդմամբ, չի կատարել:
Դիմումատուն պնդել է, որ իրեն պահել են մի սենյակում և հարվածել ծանր իրերով, նվաստացրել, ոստիկանության աշխատակիցները նրան հորդորել են ընդունել մեղքը՝ խոստանալով մի քանի տարի ազատազրկման մեջ պահելուց հետո ազատ արձակել։
Սկզբում Թորոսյանը հակառակվել է, բայց, չկարողանալով դիմադրել մի քանի ժամ գործադրվող անտանելի ճնշմանը, ի վերջո տեղի է տվել: 2015 թվականի փետրվարի 17-ին, Դիմումատուն ստորագրել է խոստովանական ցուցմունք։ Նա նշել է, որ այդ խոստովանության մեջ ոստիկանության աշխատակիցները լրացրել են հետևյալ հայտարարությունը. «Ես հրաժարվում եմ իմ բոլոր իրավունքներից և ցանկանում եմ անմիջապես և առանց փաստաբանի պաշտպանվել»:
Դիմումատուի վրա լուրջ կապտուկների առկայությունը ապացուցել է նրա պնդումները։ Նա որպես բանտարկյալ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են և տասնհինգ օր պահել այնտեղ։ Հիվանդանոցում գտնվել է ոստիկանության 24-ժամյա հսկողության ներքո, և նրա ծնողներին թույլ չեն տվել այցելել նրան կամ տեղեկություններ ստանալ նրա վիճակի մասին հսկող բժիշկներից: 2015 թվականի մարտի 9-ին Դիմումատուն դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Դիավատայի բանտ։
ՄԻԵԴ-ը նշել է, որ Դիմումատուի նկատմամբ կատարված ֆիզիկական բռնության վերաբերյալ որևէ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել իշխանությունների կողմից։ Բացի այդ, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունն անցել է անարդյունավետ նաև այն պատճառով, որ գործին մասնակցել են նույն ոստիկանության աշխատակիցների գործընկերները։
Դատարանը նկատել է նաև, որ երբ Դիմումատուին տեղափոխել են ոստիկանություն, Դիմումատուն չի ենթարկվել որևէ բժշկական զննության: Սակայն, Դատարանը բազմիցս ընդգծել է մյուս գործերով կայացված վճիռներում անձին կալանավորելուց առաջ բժշկական զննության անցկացման կարևորությունը։ Նման փորձաքննությունը կարող է հնարավորություն տալ ոչ միայն իմանալ, թե արդյոք տվյալ անձը ենթակա է հարցաքննվելու, այլ նաև, Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի վերաբերյալ հետագա պնդումների դեպքում օգնել «պարզելու» իշխանություններին վնասվածքների ծագումը և խախտումների առկայությունը։
Դատարանը կրկնել է, որ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը բացարձակ է՝ անկախ այն բանից, թե որ գործողություններում է մեղադրվում տուժողը։
Դատարանը պարզաբանել է, որ եթե խնդրո առարկա փաստերը ամբողջությամբ կամ մասամբ հայտնի են բացառապես իշխանություններին, ինչպես օրինակ՝ ոստիկանությունում պահվող նրանց հսկողության տակ գտնվող անձանց դեպքում, այդ ժամանակահատվածում պատճառված ցանկացած վնաս փաստի ուժեղ ենթադրություն է ստեղծում: Այս դեպքում ապացուցման բեռը կառավարության վրա է՝ բավարար և համոզիչ բացատրություն տալու և հերքելու տուժողի պնդումները: Նման բացատրության բացակայության դեպքում Դատարանը ազատ է եզրակացություններ անելու, որոնք կարող են անբարենպաստ լինել Կառավարության համար: Սա հիմնավորվում է նրանով, որ կալանքի տակ գտնվող անձինք գտնվում են խոցելի վիճակում, և որ իշխանությունները պարտավոր են պաշտպանել նրանց։ Այս սկզբունքը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ անձը գտնվում է ոստիկանության կամ այլ իշխանության ձեռքում:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցված գործի շրջանակներում իրականացված ոչ պատշաճ հետաքննության մասով, և վճռել է, որ Հունաստանը պետք է վճարի Դիմումատուին 10,000 եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասների համար։ Դատարանը մերժել է Դիմումատուի պահանջը դատական ծախսերի հատուցման մասով, քանի որ նա չէր ներկայացրել որևէ հիմնավոր փաստաթուղթ: