Թերթի գլխավոր խմբագիրն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուները Թուրքիայի քաղաքացիներ են, որոնք այժմ բնակվում են Ստամբուլում։ Դիմումատուներից մեկը եղել է «Yeni Evrensel»  թերթի գլխավոր խմբագիրը, իսկ մյուսը՝ սեփականատերը։

Գործի շրջանակներում Դիմումատուները 2000 թվականին իրենց հոդվածում հրապարակել են անվտանգության երկու ծառայողների անուններ լրագրող Մեթին Գյոքթեփեի մահվան 4-րդ տարելիցին, որը մահացել էր կալանավայրում ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելու արդյունքում։ Դատախազությունը պնդում է, որ նրանք բացահայտել են այն անվտանգության ծառայողների անունները, որոնք ներառված են եղել ահաբեկչության դեմ պայքարում՝ նման քայլով անվտանգության ծառայողներին դարձնելով թիրախ ահաբեկչական կազմակերպությունների համար: Սույն գործողության արդյունքում ներպետական դատարանի որոշման հիման վրա դադարեցվել է «Yeni Evrensel» թերթի գործունեությունը, որի արդյունքում Դիմումատուները մնացել են առանց աշխատանքի։ 2001 թվականին Դիմումատուները բողոք են ներկայացրել դատարանի կայացրած որոշման դեմ՝ հիմնավորելով, որ անվտանգության ծառայողների անունները մինչ այդ արդեն հրապարակային էին։

Դիմումատուները պնդում են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում (ազատ արտահայտվելու իրավունք)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հաշվի առնելով, որ ներպետական դատարանների ընդունած դատական ակտը անհրաժեշտ և բավարար չափով պատճառաբանված չէ, գտնում է, որ Թուրքիայի կառավարությունը չի կարողացել հիմնավորել, որ Դիմումատուներին դատապարտելը համաչափ է հետապնդվող նպատակին և հետևաբար, անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրում է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում (ազատ արտահայտվելու իրավունք)։