Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատավարությունը՝ Արթուր Օհանյանի նախագահությամբ։
Այսօրվա նիստին ներկայացել էր նոր մեղադրող դատախազ Արամ Արամյանն, ինչպես նաև Արթուր Չախոյանը, վերջիններս դատարանին ներկայացրին իրենց լիազորագրերի կրկնօրինակները՝ նշելով, որ բնօրինակը գտնվում է մայր գործում։ Ամբաստանյալներից «Դեդ» մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել մեղադրող կողմին, որպեսզի նրանք նոր լիազորագրեր ներկայացնեն, քանի որ դրանք հին են։
«Մենք մինչ օրս չենք իմացել, որ դատախազները լիազորագիր չեն ներկայացրել, սակայն դատական նիստերը շարունակվել են։ Միգուցե սա բոլորիս մեղավորությունն է»,- իր խոսքում նշեց նա։
Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ հայտնեց, որ ներկա պահին պաշտպանական կողմը զրկված է դատախազին բացարկ հայտնելու հնարավորությունից, քանի որ նախկին լիազորագիրը չի կարող հիմք հանդիսանալ սույն գործով դատական նիստերին մասնակցելու համար․ «Մեղադրող Արամյանը սույն գործով մեղադրանքը պաշտպանելու իրավունք չունի»։
Նշենք, որ այդ ընթացքում փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը հանդես էր եկել մեղադրող դատախազ Արամ Արամյանի բացարկի միջնորդությամբ։
Ի պատասխան փաստաբանների դատախազ Արամ Արամյանն էլ հայտնեց, որ իրենք օրենքով սահմանված կարգով լիազորված են սույն գործը պաշտպանելու համար։ Մեղադրող կողմը գտավ, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ներկայացված միջնորդությունները քննարկելու համար։ Վերջինս խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո կողմերին հայտնեց, որ մերժում է Լիպարիտ Սիմոնյանի կողմից ներկայացված դատախազի բացարկի միջնորդությունը, սակայն այդպես էլ չանդրադարձավ փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությանը։ Այս հանգամանքը զայրացրեց պաշտպանական կողմին, վերջիններս առարկեցին դատարանի գործողությունների դեմ։
«Դատավորը թույլ է տալիս դատախազներին կարծիքներ հայտնել այն դեպքում, երբ նրանք չունեն լիազորություններ։ Ես գտնում եմ, որ նիստը չպետք է շարունակվի, իսկ շարունակվելու դեպքում դատավորը նրանց լսելու իրավունք չունի»,-այս մասին ասաց փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Փաստաբան Մուշեղ Շուշանյանն էլ հանդես եկավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ, որին միացան մյուս պաշտպանները։ Ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեցին նաև «Սասնա ծռեր» խմբի անդամները։
«Մենք տեսնում ենք, որ դուք կաշկանդված եք, ազատեք ձեր խիղճը և մի դարձեք կամակատար»,- ասաց Վարդան Գերավետյանը, որի խոսքը շարունակեց ամբաստանյալներից Արամ Հակոբյանը՝ մեղադրողներին հորդորելով գիշերը քնելուց առաջ գլուխները դնեն բարձին և մտածեն, թե ինչ են արել ազգի և հայրենիքի համար։
Պավել Մանուկյանի որդի՝ Արամ Մանուկյանն էլ դատարանին հայտնեց, որ սա դատարան կոչվելու իրավունք չունի․ «Ես ստույգ ինֆորմացիա ունեմ, որ ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը և սա քաղաքական պատվեր է։ Դուք դատավոր կոչվելու իրավունք չունեք, դուք ուղղակի խայտառակում եք Հայաստանի Հանրապետության դատական ամբողջ համակարգը։ Մենք կատարել ենք ապստամբություն, քանի որ դուք չեք կատարել այն ամենն, ինչ պետք է կատարեիք։ Ձեր արածների և չարածների համար մենք ենք պատասխան տալիս, մեր հայ ժողովուրդն է պատասխան տալիս։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս՝ ընդունեք ինքնաբացարկի միջնորդությունը և լվացեք ձեր ձեռքերն այս գործից»։
Ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկեց մեղադրող կողմը, որից հետո դատարանը հեռացավ որոշում կայացնելու։
Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։
Այնուհետև Սերգեյ Կյուրեղյանի պաշտպանը՝ Մուշեղ Շուշանյանը, միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի կալանքի միջոցը փոխելու վերաբերյալ, որին առարկեց մեղադրող դատախազ Արամ Արամյանը՝ իր խոսքում նշելով ամբաստանյալ բառը, ինչը դուր չեկավ Արամ Մանուկյանին։ Վերջինս դիմեց դատախազին․ «Ամբաստանյալ մի′ ասա», ինչին ի պատասխան Արամ Արամյանն ասաց․ «Արա դու սուս», որից հետո խառնաշփոթ առաջացավ դատական նիստերի դահլիճում։ Այս հանգամանքը զայրացրեց դատարանում ներկա գտվող անձանց, վերջիններս սկսեցին նստած տեղերից վեր կենալ և բղավել։ Փաստաբանները պահանջեցին դատավորից սանկցիա կիրառել դատախազի նկատմամբ, սակայն դատավորը հայտնեց, որ մեղադրողը ոչինչ չի արել։
Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ առարկեց դատավորի գործողությունների դեմ, սակայն դատավորը ընդհատեց նրա խոսքը՝ կիրառելով նրա նկատմամբ դատական սանկցիա։
Այնուհետև դատարանը մերժեց նաև Սերգեյ Կյուրեղյանի կալանքի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, որից հետո նիստը հետաձգվեց։
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 28-ին։
Ելենա Արամյան