«Ընդունելի մի մոդելից մյուսին անցումը ցանկացած իրավական համակարգի համար հիմնարար և լրջագույն փոփոխություն է». Անահիտ Մանասյան

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրուցել ենք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ ի.գ.թ., Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, դոցենտ Անահիտ Մանասյանի հետ:

-Վարչապետի մակարդակով անընդհատ խոսվում է Սահմանադրական դատարանի՝  նոր Հայաստանում անհամատեղելիության մասին: Մեկնաբանեք,  արդյոք իսկապես ՍԴ-ն սպառե՞լ է իրեն:

Փորձեմ հարցին պատասխանել՝ զուտ երևույթների էության, և ոչ կոկրետ ինստիտուտների կամ դրանց անվանումների տեսանկյունից: Սահմանադրական արդարադատության առաքելությունը, անկախ նրանից, թե ինչ կառուցակարգերով է վերջինս իրականացվում, երբևէ չի կարող սպառված համարվել այնպիսի սահմանադրական համակարգում, որի առանցքում կանգնած է Սահմանադրությունը, այնպիսի հասարակությունում, որը կարևորում է սահմանադրական արժեքները, սահմանադրական ինքնությունը գնահատելու տեսանկյունից սահմանադրական համակարգի սիմվոլի դերը վերապահում է հենց Սահմանադրությանը, և ի վերջո՝ այնպիսի սահմանադրական համակարգում, որտեղ մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանությանը վերապահվում է առանցքային դերակատարություն: 

– Խոսվում է, որ պետք է հրաժարվել ՍԴ-ից և ստեղծել   Գերագույն դատարան: Խնդրում եմ նախ նշել դրանց տարբերությունները: Արդյոք էականորեն կարո՞ղ է տարբերվել նոր դատարանը:

Պայմանականորեն, աշխարհում գոյություն ունեցող սահմանադրական արդարադատության մոդելները տարանջատվում են հետևյալ հիմնական տարատեսակների՝ «ամերիկյան», «եվրոպական» և «խառը»։ Եթե շատ ամփոփ և ընդհանուր գծերով փորձենք ներկայացնել հիշյալ համակարգերի հիմնական տարբերությունը, ապա կարող ենք նշել, որ «եվրոպական» մոդելի պարագայում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է մեկ կոնկրետ մասնագիտացված դատարան՝ Սահմանադրական դատարանը։ Այս համակարգը սահմանադրական արդարադատության «մասնագիտացված» մոդելի դրսևորում է։ «Ամերիկյան» մոդելի պարագայում սահմանադրական արդարադատություն են իրականացնում բոլոր ընդհանուր դատարանները և, որպես կանոն, համապարտադիր են դառնում հարցի առնչությամբ Գերագույն դատարանի ակտն ու համապատասխան դիրքորոշումները։ Հարկ է նկատի ունենալ, որ գոյություն ունեն ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան համակարգի չափազանց հաջողված մոդելներ և հակառակը։ Այդ առումով որպես ուշադրության արժանի օրինակներ կարող են ծառայել Գերմանիայի Դաշնային Սահմանադրական դատարանը և ԱՄՆ Գերագույն դատարանը: «Խառը» մոդել կիրառող երկրներն այնքան էլ շատ չեն և այս կամ այն ձևաչափով ներառում են հիշատակված երկու համակարգերին բնորոշ առանձնահատկություններ: Ուստի, հիմնական եզրահանգումն այն է, որ երկու հիմնական մոդելներն էլ աշխարհում ընդունված և հաջողված մոդելներ են և դրանց միջև ընտրության հարցում կարևոր է դառնում նաև իրավական համակարգերի, պատմական զարգացման առանձնահատկությունների ուսումնասիրությունը։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ ընդունելի մի մոդելից մյուսին անցումը ցանկացած իրավական համակարգի համար հիմնարար և լրջագույն փոփոխություն է, և կարող է հաջողել սոսկ մի դեպքում՝ եթե այդ փոփոխության հիմքում ընկած են արժանահավատության լրջագույն աստիճան ունեցող, կոնկրետ, հստակ և ամբողջական հիմնավորումներ ու դրանց վրա հիմնված՝ տեսանելի սահմանադրական անհրաժեշտություն:  

Ավելին, որպես մասնագետ՝ ինչպես այս, այնպես էլ ցանկացած այլ հարցադրման տեսանկյունից կարևորում եմ այն հանգամանքը, որպեսզի որևէ իրավական լուծման և որոշման հիմքում ընկած չլինի բացառապես, այսպես կոչված, «նորմատիվ ֆետիշիզմի» գաղափարը, երբ խաբուսիկ պատկերացում ենք ունենում այն մասին, որ հասարակական առաջընթացը հնարավոր է միայն գոյություն ունեցող ձևական նորմերի կատարելագործմամբ և նորերը ստեղծելով։ Այս գաղափարի անկենսունակությունն աշխարհում պարբերաբար հաստատվել և հաստատվում է տարբեր մասշտաբի կոնկրետ օրինակներով, և պրոգրեսիվ սահմանադրական զարգացում երաշխավորելու տեսանկյունից այդ հանգամանքը պետք է արժանանա բավարար ուշադրության։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե արդյոք Գերագույն դատարան ձևավորելու պարագայում վերջինս էականորեն կտարբերվի Սահմանադրական դատարանից, թե՝ ոչ, կուզենայի ընդգծել, որ երկու մոդելների էության հիմքում ընկած կոնցեպտները տարբեր են: Ուստի, դրանք իրենց դասական առանձնահատկություններով իրացնելու պարագայում բնականաբար ունենալու ենք սահմանադրական արդարադատության կառուցակարգերի տրամաբանության փոփոխություն: Միևնույն ժամանակ, այս հարցին հնարավոր է ամբողջական պատասխան տալ սոսկ այն դեպքում, երբ առարկայացված լինի առաջարկվող մոդելի վերջնական տեսլականը: Ուստի, մինչ այդ, աշխատանքային և մասնագիտական էթիկայի սկզբունքները նկատի ունենալով, ձեռնպահ կմնամ հարցի առնչությամբ այլ մանրամասն տեսակետներ ներկայացնելուց:

-Ունե՞նք համապատասխան գործիքակազմ Գերագույն դատարանի համար, թե   դատարանի ստեղծման հետ զգալի տեղաշարժեր կլինեն ողջ իրավական համակարգում:

Ցանկացած ֆունդամենտալ փոփոխության պատշաճ իրացում ենթադրում է լուրջ մարդկային, մասնագիտական, նյութական և այլ ռեսուրսի ներգրավում ու կենտրոնացում: Ավելին, ֆունդամենտալ փոփոխությունը նաև հոգեբանական հենք է ենթադրում:  Այդ է պատճառը, որ ինչպես արդեն նշեցի, նման փոփոխությունը կարող է հաջողել սոսկ մի դեպքում՝ եթե վերջինիս հիմքում ընկած են արժանահավատության լրջագույն աստիճան ունեցող, կոնկրետ, հստակ և ամբողջական հիմնավորումներ, դրանց վրա հիմնված՝ տեսանելի սահմանադրական անհրաժեշտություն և այդ ամենը զուգորդված է բարեփոխման համար անհրաժեշտ պատշաճ ռեսուրսների առկայությամբ ու ներգրավմամբ: Մինչ այս պահը առանձին մասնագետների կողմից ներկայացվող հիմնավորումները ինձ մոտ չեն ձևավորել այն մասնագիտական տպավորությունը, որ առկա է նշված հիմնարար փոփոխությունն իրականացնելու սահմանադրական անհրաժեշտություն՝ հիմնված վերոգրյալ չափանիշների վրա: Ակնհայտ է, որ Հայաստանի սահմանադրական արդարադատության համակարգը ունի զարգացման և կատարելագործման անհրաժեշտություն։ Միևնույն ժամանակ, հարցադրմանը մասնագիտական տեսանկյունից մոտենալու պարագայում դա հնարավոր է իրականացնել նաև սահմանադրական արդարադատության գործող մոդելի շրջանակներում։ Նկատի ունենալով այն, որ այս բնագավառն իմ ամբողջ տեսական և պրակտիկ գործունեության հիմնական ոլորտն է, ինքս էլ այս պահին նախագծում եմ սահմանադրական արդարադատության համակարգի կատարելագործման իմ տեսլականը: Միևնույն ժամանակ, պատրաստ եմ լսել նաև իմ մոտեցումից տարբերվող այլ տեսակետներ և հիմնավորումներ՝ հարցի առնչությամբ վերջնական դիրքորոշում ձևավորելու համար:

– Հաճախ է բարձրաձայնվում, որ ՀՀ Սահմանադրությունը 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո չունի անմիջական գործողություն և որ այս խնդիրը կարող է լուծվել Գերագույն դատարանի ձևավորման արդյունքում: Ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի առնչությամբ:

Հարկ եմ համարում նշել, որ Սահմանադրության տեքստում վերջինիս անմիջական գործողության առնչությամբ դրույթի առկայությունը չէ, որ Սահմանադրությունն օժտում է անմիջական գործողությամբ։ Պատճառն այն է, որ իր կողմից ամրագրված կարգավորումների շրջանակներում Սահմանադրությունը միշտ էլ ունի անմիջական գործողություն։ Միևնույն ժամանակ, հիշյալ հասկացությունից անհրաժեշտ է տարբերակել Սահ­մա­նադ­րութ­յան կի­րա­ռու­մը, որը ի­րա­վա­սու մար­մին­նե­րի պե­տաիշ­խա­նա­կան գոր­ծու­նեութ­յունն է՝ ուղղ­ված կոնկ­րետ դեպ­քում սահ­մա­նադ­րա­կան նոր­մե­րի ի­րաց­մա­նը և դ­րանց կի­րառ­ման հա­մա­պա­տաս­խան ակ­տե­րի ըն­դուն­մա­նը։ Նշված համատեքստում ակնհայտ է, որ տրա­մա­բա­նա­կան չէր լի­նի են­թադ­րել, որ հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի կար­գա­վոր­ման տե­սանկ­յու­նից ան­մի­ջա­կան ազ­դե­ցութ­յուն ու­նե­ցող սահմանադրական նոր­մե­րը չեն կա­րող կի­րառ­վել հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րի կող­մից։ Այլ հարց է, որ այդ կի­րառ­ման ըն­թաց­քում անհ­րա­ժեշտ է նկա­տի ու­նե­նալ կոնկ­րետ չա­փա­նիշ­ներ ու սկզբունք­ներ, և սահ­մա­նադ­րա­կան նոր­մերն ի­րաց­նել սոսկ վեր­ջին­նե­րիս հա­մա­տեքս­տում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ սահ­մա­նադ­րա­կան յուրաքանչյուր կարգավորում ան­մի­ջա­կան ազ­դե­ցութ­յուն է ու­նե­նում սոսկ այն հա­րա­բե­րութ­յուն­նե­րի տե­սանկ­յու­նից և հա­րա­բե­րութ­յան այն սուբ­յեկտ­նե­րի նկատ­մամբ, ո­րոնց ա­ռու­մով կի­րա­ռե­լի ու վե­րա­բե­րե­լի է։ Միայն այդ պայմաններում Սահմանադրության կիրառումը կարելի է համարել գրագետ, պատշաճ ու տեղին: Ավելին, այնքան էլ ճշգրիտ մեթոդաբանություն չեմ համարում Սահմանադրության անմիջական կիրառման հանգամանքը սոսկ դատական ակտերում սահմանադրական նորմերին արվող հղումների քանակով գնահատելը: Նշված խնդրի տեսանկյունից գովելի է, որ վերջին շրջանում հանդիպում են բազմաթիվ դատական ակտեր, որոնցում, ներկայացված չափանիշները նկատի ունենալով, անմիջական կիրառում են ստանում սահմանադրական տարատեսակ նորմեր, օրինակ՝ արդար դատաքննության իրավունքին, համաչափության սկզբունքին վերաբերող և այլն: Միևնույն ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Սահմանադրական դատարանն ինքն է դիրքորոշում արտահայտել այն մասին, որ հանրային իշխանության բոլոր մարմինները, այդ թվում՝ դատարանները, իրենց գործունեության ընթացքում պետք է մեկնաբանեն և կիրառեն Սահմանադրությունը, սակայն հարկ է նկատի ունենալ, որ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որը տալիս է Սահմանադրության վերջնական և համապարտադիր պաշտոնական մեկնաբանություն՝ ապահովելով Հիմնական օրենքի միատեսակ կիրառությունը: 

– Հաճախ են հնչում տեսակետներ, որ Սահմանադրական դատարանի որոշումների կատարման բնագավառում առկա են թերություններ։ Ինչպե՞ս է հնարավոր դրանց հաղթահարումը։

Ես նշված հարցն ուղղակիորեն չէի կապի սահմանադրական արդարադատության մոդելների միջև ընտրությանն առնչվող հարցադրման հետ։ Ամեն դեպքում նշեմ, որ բնականաբար, ՀՀ իրավական համակարգը զերծ չէ ինչպես ցանկացած սահմանադրական մարմնի, այնպես էլ Սահմանադրական դատարանի որոշումների կատարման բնագավառում առկա խնդիրներից: Թեև որոշումների կատարման պատշաճ համակարգի ձևավորումն ու զարգացումը ենթադրում են առանձին իրավակարգավորումների ու կառուցակարգերի կատարելագործման անհրաժեշտություն, սակայն կարծում եմ, որ նշված նպատակի իրականացումն առաջին հերթին պայմանավորված է հասարակության սահմանադրական և քաղաքական մշակույթի համապատասխան մակարդակով, իշխանության մարմինների փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքի արմատավորմամբ, նրանց ակտերի որակի կատարելագործմամբ: Իսկ այդ տեսանկյունից առանձնահատուկ կարևորում եմ մեր իրականությունում նաև իրավական կրթության որակի անընդհատ կատարելագործումը: Կարծում եմ, որ սահմանադրականության ամրապնդման եւ քաղաքացիների սահմանադրական իրավունքների պաշտպանության տեսանկյունից տեսանելի արդյունքներ հնարավոր է արձանագրել առաջին հերթին հենց վերը նշված խնդիրներին առաջնահերթ ուշադրություն հատկացնելու պարագայում: Ընդ որում՝ կարևոր է դրանց լուծումն ու այդ լուծումների կատարելագործումը ոչ թե մեկ կոնկրետ համակարգի, այլ ամբողջ հանրային իշխանության և բոլոր համակարգերի համատեքստում:

-Սահմանադրական դատարանի այսօրվա կազմը կարո՞ղ է լինել Գերագույն դատանանում, ո՞ւմ ենք տեսնելու Գերագույն դատարանում, Ձեր տեսլականը:

Մշտապես կարևորել եմ երևույթների էությունն, այլ ոչ դրանց անվանումները, մարդկանց որակներն, այլ ոչ նրանց անունները: Այս պարագայում էլ՝ սահմանադրական արդարադատություն իրականացնող ցանկացած մարմի կազմում տեսնում եմ դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող կերպար ունեցող բացառիկ պրոֆեսիոնալների:

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ