Էրդողանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Այս տարվա սեպտեմբերի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին։ Իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։

«Ինչո՞ւ 194 երկրներ չեն կարող ներկայացվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Ինչո՞ւ այդ երկրները ռոտացիայի սկզբունքով չեն կարող Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսանալ։ Աշխարհը միայն հինգից չէ կազմված, իսկ մենք՝ համայն մարդկության խղճի ձայնն ենք»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։

Ավելի վաղ, Էրդողանը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ծավալած գործունեությունը և մեղադրել է կազմակերպությանը հինգ մշտական ​​անդամների շահերը պաշտպանելու և այլ երկրների քաղաքացիների իրավունքներն անտեսելու մեջ։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում իր ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահը նշել է, որ աշխարհն այլևս այն չէ, ինչ է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Բացի այդ, Էրդողանը քննադատել է նաև առևտրային պատերազմները: Նրա համոզմամբ՝ առևտրային միակողմանի պատժամիջոցների կիրառումը օգտագործվում է որպես զենք: Թուրքիայի նախագահը շեշտել է, որ նման քայլերի հետևանքները բացասական ազդեցություն են թողնում բոլոր երկրների վրա:

«Բոլորը խուսափում են տնտեսական ցնցումներից: Քաոս առաջացնելը հեշտ է, իսկ կարգուկանոն վերականգնելը՝ շատ դժվար: Որոշ երկրներ դիտմամբ փորձում են քաոս ստեղծել։ Հուսով ենք, որ ի վերջո կգտնվի այնպիսի մոտեցում, որի դեպքում կպաշտպանվեն շուկայի բոլոր մասնակիցների շահերը։ Թուրքիան իրավունքների հավասարության կողմնակից է»,- հավելել է իր ելույթի ավարտին Թուրքիայի նախագահը։

Էրդողանը կոչ է արել բոլոր երկրներին կոնկրետ գործողություններ ձեռնարկել՝ ամբողջ աշխարհում առաջացած քաղաքական և տնտեսական քաոսը վերացնելու ուղղությամբ։

Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կազմված է 15 անդամներից` 5 մշտական ​​(Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Ֆրանսիա) և 10 ընտրովի անդամներից, որոնք վերընտրվում են 2 տարին մեկ: Անվտանգության խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել են 15 անդամներից առնվազն 9-ը: Բացառություն են կազմում այն ​​դեպքերը, երբ մշտական ​​անդամներից որեւէ մեկը դեմ է քվեարկում (օգտագործում է իր վետոյի իրավունքը): Հազվադեպ է պատահում, որ Անվտանգության խորհուրդն իր ընդունած որոշումների իրականացման համար անդամ-պետություններին լիազորում է կիրառել «բոլոր անհրաժեշտ միջոցառումները», ներառյալ՝ միացյալ ռազմական գործողությունները։

Մեկնաբանություններ