«Էս գործի մեջ մարդիկ իրար չեն ճանաչում, բայց գլուխը Ժիրոն է». Հրապարակվեցին Սեֆիլյանի և մյուսների գործով գաղտնալսումների արձանագրությունները

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը, որի ժամանակ հրապարակվեց գործին առնչվող գաղտնալսումների արձանագրությունները։

Ժիրայր Սեֆիլյանի խոսակցություններից մեկում  ասվում է, որ այս պայքարը երկար է տևելու և հարկավոր է հասարակությանը փոխել։

Գևորգ Սաֆարյանի և Ժիրայր Սեֆիլյանի խոսակցությունում էլ հնչում է․ «Թող կրակեն, մենք էլ կկրակենք։ Հարկավոր է այնպես կազմակերպել պայքարը, որ ժողովուրդը պատրաստ լինի զոհաբերության»։

Հրապարակվեց նաև Հ․Խ․ անդամ Պավել Մանուկյանի խոսակցությունը Հայկազ Եղիկյանի հետ․ «Պավլիկ ես ոնց զգում եմ բոյը կարողա սկսվի», որին ի պատասխան Պավլիկն ասել է․ «Դու ամեն ժամ պատրաստ եղիր»։

Այս ընթացքում վատացավ ամբաստանյալ Գալուստ Գրիրգորյանի ինքնազգացողությունը, ինչի համար 10 րոպե ընդմիջում հայտարարվեց։

Ընդմիջումից հետո դատավորը հայտնեց, որ Գալուստ Գրիգորյանն ունի բարձր ջորմություն, նրան ներարկումներ են կատարում, սակայն նրա վիճակը կայուն է և կարող է մասնակցել դատավարությանը։

Այնուհետև հրապարակվեց Հովհաննես Պետրոսյանի և Սմբատ Գալոյանի հեռախոսային արձանագրությունները, որոնցում Հովհաննես Պետրոսյանն ասում է․ «Էս գործի մեջ մարդիկ իրար չեն ճանաչում, բայց գլուխը Ժիրոն է։ Էսի մեծ կռիվ ա լինելու։ Տելեստուդիան ինձա դավերյա արած, գնացել եմ էնտեղ ռազվեդկի։ Կարողա կառավարություն վերցնեն, բայց առաջին պայմանն էնա, որ զոհեր չլինեն։ Որ իշխանությունը խելոք չպահի սիկտիր կանենք թազեն կդնենք։ Բանակը մեզա միանալու, խոսակցություն կա, որ լիքը երկրապահներ էլ կարողա միանան»։

Լրացավ նաև ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանի սանկցիայի ժամկետը, և նա բերվեց դատական նիստերի դահլիճ, որտեղ մնաց ընդամենը մի քանի վայրկյան։ Վերջինս նորից սկսեց տեղից խոսել՝ հայտնելով, որ իր պաշտպանին այսօր ևս չեն կանչել դատարան։ Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նրա նկատմամբ կիրառեց սանկցիա՝ նախազգուշացում։ Գևորգ Սաֆարյանը շարունակեց տեղից խոսելը՝ պահանջելով իր պաշտպանին հրավիրել դատարան, ինչի համար Սաֆարյանը նորից հեռացվեց նիստերի դահլիճից։

«Դատարանն իմանալով, որ ես չեմ մասնակցելու դատական նիստին առանց իմ պաշտպանի դիտավորյալ նրան չի հրավիրում դատարան»,-իր խոսքում նշեց Գևորգ Սաֆարյանը։

Նշենք, որ նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը, վերջինս դատարանին հայտնեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ում իրեն թույլ չեն տալիս համակարգչով մտնել Ժիրայր Սեֆիլյանի մոտ, ինչի պատճառով իր պաշտպանյալը զրկված է գործի նյութերին ծանոթնալուց։

Փաստաբանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանին խնդրեց միջամտել և լուծել այս խնդիրը, սակայն դատավորը փաստաբանին հայտնեց, որ դա իր իրավասություններից դուրս է և ինքը չի կարող միջամտել։

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 17-ին։

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Նյութը` Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ