ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը, եւ միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական երկկողմ հարաբերություները եւ նշել, որ առաջիկայում պատրաստվում է պաշտոնական այցով այցելել Լիտվա:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ արձանագրելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որն անդամակցում է ԵԱՏՄ-ին եւ համաձայնագիր ստորագրում Եվրոպական միության հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը կարող է հուսալի կամուրջ դառնալ ԵԱՏՄ եւ ԵՄ անդամ երկրների միջեւ:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ժողովրդավարության զարգացմանը եւ կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերին:
Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է. «Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել՝ հանրաքվեով անկախանալով ԽՍՀՄ փլուզումից առաջ: Արցախն անկախ լինելու նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը եւ Լիտվան, քանի որ ԽՍՀՄ-ից անջատվել եւ անկախություն է հռչակել նույն իրավական հիմքերով»:
ՀՀ-ում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը շնորհավորել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ եւ Լիտվա-Հայաստան հարաբերությունները որակել օրինակելի: Պարոն Պետրիկասը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Լիտվան մեծացրել է արտահանման ծավալները: Դեսպանի խոսքով՝ թեեւ մեծ չեն ապրանքաշրջանառության ցուցանիշները, սակայն մեծ է թե՛ ներուժը, թե՛ համագործակցելու ցանկությունը: Էրիկաս Պետրիկասն անդրադարձել է տնտեսության, մշակույթի, կրթության բնագավառներում հայ-լիտվական համագործակցության ձեռքբերումներին եւ ուրախությամբ նշել, որ Լիտվան Արեւելյան գործընկերության անդամ երկրների շարքում մեծ տեղ է հատկացնում հենց Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Դեսպանն ուրախությամբ է անդրադարձել Հայաստանում լիտվական համայնքի ստեղծմանը: