Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 29-ին այցելել է Գեղարքունիքի մարզ` Օձաբերդ ուրարտական բնակավայր, որտեղ իրականացվում են հնագիտական պեղումներ եւ ծանոթացել հնագիտական աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:

ՀՀ ԱԺ փոխնախագահին ուղեկցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ համայնքների ղեկավարներ:

Հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանը ՀՀ ԱԺ պատվիրակությանը ներկայացրել է կատարված աշխատանքները, մանրամասնորեն պատմել պեղումների արդյունքները:

Միքայել Բադալյանի ղեկավարած արշավախմբի իրականացրած պեղումներն առաջին հերթին կարեւոր են նրանով, որ Սեւանի հարավային ավազանում ուսումնասիրվում է ուրարտական շրջանի ամրոց, որի նվաճումը եւ վերակառուցումը կապված է քիչ ուսումնասիրված Ռուսա I-ի իշխանության ժամանակաշրջանի հետ: Սա այն եզակի հուշարձաններից մեկն է, որ հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել ուրարտական եւ հետուրարտական պատմամշակութային գործընթացները մեկ ընդհանուր տարածքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ուսումնասիրելով հնագետների կատարած պեղումները, նշել է, որ ամբողջ աշխարհում հնագիտական վայրերը դարձել են զբոսաշրջիկների նախընտրած այցելությունների վայրեր: Օձաբերդը Ռուսա I-ի հիմնած բացառիկ ամրոց է, որը հավակնում է դառնալ զբոսաշրջության կենտրոն: «Օձաբերդը մեր ժողովրդի մշակութային ամենահարուստ ժառանգություններից մեկն է»,- նշել է Էդուարդ Շարմազանովը եւ պատրաստակամություն հայտնել օժանդակել արշավախմբին պեղումները շարունակելու եւ ավարտելու հարցում:

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լիահույս է, որ Օձաբերդ ուրարտական հնավայրը հետագայում կդառնա Գեղարքունիքի մարզի զբոսաշրջության կարեւոր վայրերից մեկը:

Արշավախմբի անդամները հետագայում նպատակ ունեն պեղել ամրոց- բնակավայրի, ինչպես նաեւ ամրոցից հարավ-արեւմուտք տեղակայված բլրի տարածքը, որի գագաթին նկատել են դամբարանների խցեր, իսկ ներքեւում` մինչեւ ստորոտը, պատերի հետքեր:

Մեկնաբանություններ