ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավորներ Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի և Սևակ Համբարձումյանի նախագահությամբ շարունակեց Հայաստան «Իգլա» զենք տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննությունը, որով նա պահանջում է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշումը: Նշենք, որ նախորդ դատական նիստի ժամանակ Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդել էր գործից առանձնացված մասով մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանին բերել դատարան և հարցաքննել: Հավելենք, որ Ռոբերտ Աղվանյանը «Իգլայի» գործով Վրաստանում ձերբակալվել մարտի 27-ին, և միայն 9 ամիս անց տեղափոխվել է Հայաստան։
Այսօվա նիստի ժամանակ մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանին բերեցին Վերաքննիչ դատարան: Նա նշեց, որամբաստանյալներից ճանաչում է միայն Արմեն Պողոսյանին, այն էլ, որպես էջմիածնեցի: Մեղադրյալը պատմեց, որ հայրը պատերազմի ժամանակ մեծ օգնություն է ցուցաբերել և զենիթահռթիռային համակարգը գտել է իր տանը՝ Էջմիացնում, երբ տունը վաճառելիս է եղել՝ 2010 թվականին:
Հրաչ Մաիլյանի հետ նրանք Թբիլիսիում հանդիպել են պատահաբար. «Հանդիպել ենք, հաց ենք կերել, զրուցել ենք։ Ես հանձնել եմ Հրաչյա Մայիլյանին, իմ գործունեությունն այդքանն է եղել, մնացած հարցերով դիմեք Հրաչ Մայիլյանին, ես ոչ մեկի դիմաց ցուցմունք չեմ տվել, ոչ մի ցուցմունքի ու ոչ մի բանի հետ կապ չունեմ, գրողները գրել են, ցուցմունք տվողները տվել են իմ դեմ»,-ասաց Ռոբերտ Աղվանյանը, հավելելով, որ վերոնշյալ հանդիպմանը եղել են նաև Ռուստամը և գործով ամբաստանյալ Արմեն Պողոսյանը:
«Զենիթահռթիռային համակարգ Վրաստանից Հայաստան չի բերվել, եթե լիներ՝ ինձ էքսադացիա չէին անի, թե դրանից հետո Հրաչ Մաիլյանը ինչ է տվել, ես տեղյակ չեմ»,-հայտարարեց մեղադրյալը:
Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի այն հարցին, թե որքա՞ն գումար է ստացել Հրաչ Մայիլյանից, Աղվանյանը պատասխանեց, որ 4000 ԱՄՆ դոլար, սակայն խոսք է գնացել 25 000 ԱՄՆ դոլարի մասին:
Սանասար Գաբրիելյանի հարցին, թե ո՞վ է առաջարկել վաճառել «Իգլան», Ռոբերտ Աղվանյանը պատասխանեց. «Եզդի Ռոստամն է առաջարկել, որ կարող է քրդերին պետք գա՝ թուրքերի հերն անիծելու համար»։
Ռոբերտ Աղվանյանը պատմեց, որ երբ իրեն Վրաստանում ձերբակալել են, ինքը զանգահարել է Հայաստան և զենիթահռթիռային համակարգը նվիրել բանակին. «Մի հատը նվիրել եմ բանակին՝ 2017 թվականին: Իմ սխալը հասկացել եմ»,- ասաց նա, հավելելով, որ «Իգլան» վրաստանից բերելու մասին ստել է. «Ասել եմ Վրաստանից է, որ գնային քաղաքականույթունը բարձր լինի»:
Ըստ մեղադրյալի՝ զենիթահռթիռային համակարգը գնելու Հրաչ Մայիլյանի նպատակների մասին տեղյակ չի եղել. «Ինձ ասել է, որ երկրից դուրս են տանելու»:
«Իգլան» տեղափոխել է Հրաչ Մայիլյանի գյուղի տուն՝ վերջինիս մեքենայով, հստակ գյուղի անունը մեղադրյալը չկարողացավ նշել. «Տեղափոխել եմ և հեռացել, որից հետո գնացել եմ Վրաստան: Հրաչյա Մայիլյանը մնացած գումարը խոստացել էր վաճառելուց հետո տա՝ հստակ բան չէր ասել»:
Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը միջնորդեց կրկին անգամ ուսումնասիրել մի քանի ձայնագրություններ, սակայն մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ: Արամ Արամյանը նշեց, որ այդ ձայնագրությունները առաջին ատյանի դատաքննության ժամանակ պատշաճ հետազոտվել են:
Խորհրդակցելուց հետո նախագահող դատավոր Սևակ Համբարձումյանը հայտարարեց, որ դատարանը մերժում է միջնորդությունը:
Դատարանն անցավ դատական վիճաբանությունների փուլ: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին: