Երևանի քաղաքապետարանում կադրային ջարդ տեղի չի ունենա. «Իմ քայլը» դաշինքի անդամ

Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի կարծիքով, երեկ տեղի ունացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները բացառիկ էին իրենց թափանցիկությամբ և արդարությամբ: Ժողովուրդը կարողացավ ազատ արտահայտել իր կամքը, ընտրախախտումներ չարձանագրվեցին՝ այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց «Լույս» դաշինքի թեկնածու Անի Սամսոնյանը։

Վերջին 23 տարիների ընթացքում առաջին անգամ ունեցանք իրապես արդար ընտրություններ։ Մարդիկ համոզված էին, որ իրենց քվեն չի կեղծվելու: Այս մասին  ասաց  «Իմ քայլը» դաշինքի անդամ Վահան Կոստանյանը։

«Երևանի բնակիչները ցույց տվեցին, որ Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ ԱԺ ընտրություններ: Սա հեղափոխության հաղթանակի ևս մեկ արձանագրում է, և մենք գտնում ենք, որ ԱԺ ընտրությունները պետք է շուտափույթ կազմակերպել»,-ասաց նա:

«Իմ քայլը» դաշինքի անդամ Վահան Կոստանյանը վստահեցրեց, որ Երևանի քաղաքապետարանում կադրային ջարդ տեղի չի ունենա։ Անկախ կուսակցական պատկանելությունից, այն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են և «մաքուր» կշարունակեն իրենց աշխատանքը,  իսկ մյուսներն իրեն իրենց կամքով կհեռանան:

Գրանցված ընտրախախտումների մասին խոսելիս մասնակիցները նշեցին, որ դրանք զուտ տեխնիկական խնդիրներ են:

«Մեր քաղաքացին պետք է տեսնի էլ ավելի գեղեցիկ Երևան։ Պետք է փաստենք, որ ընտրություններն ավելի շատ Նիկոլ Փաշինյանին վստահության քվե տալու, քան թե քաղաքապետի թեկնածուին ընտրելու, նրանց ծրագրերն ու առաջարկությունները գնահատելու համար էին»,- ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Դավիթ Հակոբյանը, հավելելով, որ արդեն  ժամանակն է՝ հեղափոխությունը տեղափոխվի նաև պետական ատյաններ, ծրագրային դրույթներ առաջ գան, բարեփոխումներ լինեն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրված Արման Աբովյանը ևս նշեց, որ այս ընտրություններն ամենապարզ, ամենամաքուր ընտրություններն էին Հայաստանի պատմության մեջ՝ 1991 թվականից սկսված:

Նա նշեց, որ իրեն մանդատ է տրված խոսելու ավագանու  ընտրության շրջանակում, սակայն հավելեց, որ ընդհանուր հայտարարություններից ելնելով,  համոզում ունի, որ ժողովուրդն ինչպես ցանկացավ, այնպես էլ կշարժվի ԲՀԿ-ն.

«Սա որոշակի հանրաքվե էր, ժողովուրդը հստակ ասել է իր սպասելիքների մասին։ Եթե ժողովուրդը որոշեց, որ պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, ապա արտահերթ ընտրություններ տեղի կունենան, և դա կապված չէ ավագանու ընտրությունների արդյունքներից։ Որոշակի հանրաքվե էր, քանի որ սա դասական ընտրություն չէ, սա ավելի շատ հանրաքվե էր, որտեղ ժողովուրդն արտահայտել է իր կամքը»,- ասաց  Արման Աբովյանը։

«Ժառանգություն» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածու Անդրանիկ Գրիգորյանի խոսքերով այս ընտրությունների ժամանակ դեռևս թևածում էր ՀՀԿ-ի «ուրվականը» և հույս հայտնեց, որ այս ընտրությունը կլինի վերջինը, որտեղ կթևածի ՀՀԿ-ի «ուրվականը»:

«Ժառանգությունը՝ որպես քաղաքական ուժ, շարունակելու է իր դերակատարումն ունենալ ներքաղաքական տիրույթում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀԿ-ն անապատացրել էր քաղաքական տիրույթը, և մինչև  2018 թ. ապրիլը գործում էր մեկ խնդիր՝ ազատվել հանրապետական իշխանությունից։ Բոլոր կուսակցություններն իրենց գործիքակազմը հարմարեցրել էին այս խնդիրը լուծելու համար…Ինձ թվում է՝ ամենալուրջ մարտահրավերն այն է, որ ՀՀ-ն այս պահին խուսափի միակուսակցականությունից»,- ասաց Անդրանիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը 81 % քվե ստանալով: Ընտրություններին մասնակցած քաղաքական գրեթե բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ և ընդունել են ընտրությունների արդյունքները: Երևանի քաղաքապետարանում ավագանու մանդատ կասնանան նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Լույս» դաշինքը:

Մեկնաբանություններ