2017 թվականին ՀՀ-ում արձանագրվել է երեխաների նկատամամբ սեռական բնույթի հանցագործության 101 դեպք։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ Դավիթ Թումասյանը:
Վերջինիս խոսքերով՝ այս տարի նախորդ տարվա համաեմատ արձանագրվել է ընտանեկան բռնության և դրա տեսակների աճ, որը պայմնավորված է ինչպես քաղաքացիների դիմելիության աճով, այնպես էլ իրազեկվածության բարձրացմամբ:
«Եթե նախորդ տարի բավականին մեծ թիվ են կազմել ծանր և բավականին ծանր հանցագործությունները, ապա այս տարի ծանր ելքովները նվազել են, սակայն նվազում չկա միջին ծանրության հանցագործությունների և բռնությունների նկատմամբ: Եթե 2016 թվականին 222 ծեծի դեպքով քրեական գործ էր հարուցվել, ապա այս տարի ունեցել ենք 66 դեպքով ավելի»,- նշեց նա:
Պարոն Թումասյանը հայտնեց, որ 2015 թվականին հարուցվել է 131 քրեական գործ, իսկ 2016 թվականին 157 քրեական գործ: 2015 թվականին 142 տուժողներից 76 երեխաներ են եղել, 2016 թվականին 162 տուժողներից 115–ն են երեխաներ եղել, իսկ 2017 թվականին՝ 166-ից 103–ը։
«Հիմնական գործոնները երեխաների անպաշտպանվածություն է: Սեռական հանցագործության դեպքեր են իրականացվել նաև երեխաներին վերահսկողների կողմից, օրինակ հարևանը, որը պետք է հետևեր երեխային, սեռական բռնություն է կիրառել նրա նկատմամբ»,- հայտնեց նա: