«Ենթադրում եմ, որ որոշ փաստաբանների ուզում են հեռացնել գործի վարույթից».  Սեֆիլյանի և մյուսներով գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսներով գործի քննությունը, դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Դատարանի միջանցքում, Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցը նորից բախվեց նույն խնդրին. իր աշխատանքային պայուսակում մետաղաորոնման սարքը մետաղական իրեր էր հայտնաբերել, սակայն, պաշտպան Կարապետյանցը հրաժարվում էր բացել պայուսակը, նշելով, որ պահանջն անօրինակ է և իրեն խուզարկության ենթարկվելու իրավունք չունեն: Կարգադրիչները հրաժարվեցին ներս թողնել պաշտպանին, որից հետո արձանագրություն կազմեցին դեպքի մասին: Արձանագրությանը պատասխանելուն զուգահեռ, պաշտպանը զրույց էր ունենում լրագրողների հետ, նշելով, որ իր պայուսակում փաստաթղթեր են և նրանց ամրացված ամրակներ, որոնցից էլ հենց ձայն է գալիս:

«Եկեք դատարանից դուրս գանք, ես բացեմ պայուսակս և տեսեք, որ ոչ մի բան չկա, բացի աշխատանքային իրերից: Փաստաբանների մասին օրենքում կա կետ, որում նշված է՝ արգելվում է փաստաբաններին զննելը, խուզարկելը: Դրսում ձեր՝ լրագրողների աչքի առաջ կբացեմ, բայց ոչ այստեղ, սա արդեն սկզբունքի հարց է: Ես կարծում եմ, որ այստեղ նաև դիտավորություն կա, ենթադրում եմ, որ որոշ պաշտպանների ուղղակի փորձում են հեռացնել գործի վարույթից, մինչև անգամ լիցենզիայից զրկում է  սպառնում»:

Անդրադառնալով մետաղազննման սարքերին, Նինա Կարապետյանցը նշեց, որ դիմել է Դատական դեպարտամենտին, որպեսզի տրամադրեն իրերի սկանավորման սարքեր՝ նման միջադեպերից խուսափելու համար: Դեպարտամենտը պատասխանել էր, որ 2018թ-ին կապահովվեն նման սարքերի առկայությունը:

«Դե եկեք մինչև 2018թ-ը հետաձգենք նիստի քննությունը կամ էլ մինչև այդ թող հրաժարվեն փաստաբաններին խուզարկելուց».- իր խոսքում ասաց պաշտպանը:

Նիստը սկսվեց կես ժամ ուշացումով, քանի որ հանրային պաշտպան Աննա Ջուվանովնան տեղեկացրել էր, որ կուշանա: Նիստերի դահլիճում ամբաստանյալներից միայն Հովհաննես Պետրոսյանն էր և նրա պաշտպանները, քանի որ մյուս ամբաստանյալները նախորդ դատական նիստին հեռացվել էին դատական դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:

Նիստը սկսվելուն պես, դատավոր Գրիգորյանն ընդմիջում հայտարարեց, քանի որ պաշտպանները բացակայում էին. Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքաարյանը նախապես ծանուցել էր, որ դատական նիստին չի կարող ներկայանալ Լոռու մարզում այլ դատական նիստի վարույթ ունենալու պատճառով և խնդրում էր նիստը հետաձգել:

Խորհրդատվական սենյակից վերադառնալուց հետո, դատավոր Տաթևիկ Գրիգորյանը որոշեց դատական սանցիա կիրառել Նինա Կարապետյանցի նկատմամբ՝ դիմելով Փաստաբանական պալատ:  Նիստը հետաձգվեց պաշտպանների ներկա չլինելու պատճառով:

Քրեական գործի վարույթը կշարունակվի օգոստոսի 4-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է 2015թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը, մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին և Հովհաննես Պետրոսյանին:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի