ԵՄ պատվիրակությունը ողջունում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը

Ombudsman-RAՀայաստանում ԵՄ պատվիրակությունը դեկտեմբերի 17-ին հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ՀՀ իշխանություններին կոչ է անում հրատապ և վճռական քայլեր ձեռնարկել քաղաքացիական ակտիվիստներին եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին բռնության ենթարկողներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Հայտարարությունում ասվում է.

«ԵՄ տեղական հայտարարությունը քաղաքացիական ակտիվիստներին եւ ընդդիմադիր քաղաքական գործիչներին բռնության ենթարկելու դեպքերի առնչությամբ.
Եվրոպական միության պատվիրակությունը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ համաձայնությամբ, հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ:

ԵՄ պատվիրակությունը հայտնում է իր մտահոգությունը Երևանում վերջերս տեղի ունեցած դեպքերի՝ քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումների առնչությամբ:

ԵՄ պատվիրակությունը ողջունում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որում նա կոչ է անում իրականացնել դեպքերի արդյունավետ և անկախ քննություն:

ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին hրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԵՄ պատվիրակությունը կրկին հաստատում է իր մտահոգությունը 2013 թվականին տեղի ունեցած համանման դեպքերի նկատմամբ քննության արդյունքների բացակայության առնչությամբ:

Օրենքի անարդյունավետ կիրարկման ընկալումն աճող մտահոգությունների տեղիք է տալիս Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների պաշտպանների և միջազգային դիտորդների շրջանում և առաջ է քաշում Հայաստանում անպատժելիության մթնոլորտ զարգացնելու վտանգ:

ԵՄ պատվիրակությունը վկայակոչում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը մնում է ԵՄ-Հայաստան երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչը, ինչպես համաձայնեցվել է Վիլնյուսում 2013 թվականի նոյեմբերին   արված համատեղ հայտարարությամբ»:

Մեկնաբանություններ