«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները չեն մասնակցի ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը

Այսօր Ազգային ժողովում կկայանա Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը։

Նշենք, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուն մեկն է՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված Ելիզավետա Դանիելյանը։

Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը որոշել է չմասնակցել քվեարկությանը.

«Երեկվա հարց ու պատասխանը և քաղաքացիական հասարակության մի շարք մտահոգություններ հաշվի առնելով՝ «Ելք» խժմբակցությունը որոշել է չմասնակցել դատավորի ընտրությանը, որի արդյունքում դատավորը, հուսով ենք, չի ընտրվի», – ասաց նա։

«Ծառուկյան» խմբակցությունը նույնպես հայտարարեց, որ չի մասնակցելու քվեարկությանը։

«Ծառուկյան դաշինքը ևս հաշվի առնելով այն, որ դատավորի թեկնածուն որևէ հարցի հստակ պատասխան չտվեց, հաշվի առնելով այն, որ մենք չտեսանք, թե թեկնածուն կարող է ունենալ սեփական կարծիք լրջագույն խնդիրների վերաբերյալ, կարող է ունենալ մասնագիտական խիզախություն և համարձակություն՝ պաշտպանելու իր տեսակետը, իր կարծիքը, եթե անգամ այն տարբերվող է, «Ծառուկյան» դաշինքը ևս չի մասնակցելու այդ քվեարկությանը», – ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Հավելենք, որ Ելիզավետա Դանիելյանին ՍԴ դատավոր ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի անդամների առնվազն երեք հինգերորդի, այսինքն՝ 63 պատգամավորի քվե։

Մեկնաբանություններ