«Ելք» խմբակցության պատգամավորներն ԱԺ դահլիճում ակցիա իրականացրեցին՝ ողջ դահլիճը լցնելով գունավոր ծխով: Պատգամավոր, «Իմ քայլը» շարժման անդամ Արարատ Միրզոյանը ԱԺ ամբիոնի մոտ վառելց ծխարձակող ճայթռուկը։ Նրան միացավ ՔՊ պատգամավոր Լենա Նազարյանը։
Արարատ Միրզոյանը կոչ արեց քաղաքացիներին գնալ Ազատության հրապարակ և վառել «ազատության ջահը». «ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք խախտել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը եւ կերտել մեր երազանքների Հայաստանը: Դրա համար անհրաժեշտ է, որ ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին գաք Ազատության հրապարակում»,-ասաց նա:
Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չարձագանքեց ակցիային, միայն հրահանգեց նիստերի դահլիճի դռները բացել. «Ոնց որ շոուն չստացվեց, բացեք դռները, որ նորմալ աշխատենք: Թող հանրությունը որոշի, թե ով ինչով է զբաղված պառլամենտում»:
Միջադեպից հետո արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ նախագահ Արա Բալոյանը. «Մենք ականատես ենք լինում մի երևույթի, որը հրդեհի վտանգի է ենթարկում ԱԺ շենքը, թունավոր նյութեր շնչելու պարտադրանք է առաջացնում այն պատգամավորներին, ովքեր այստեղ աշխատում են»,-ասաց Արա Բաբլոյանը, հավելելով, որ ինքը ելույթով հանդես է գալիս ոչ այնքան ԱԺ նախագահ, այլ որպես բժիշկ ու քաղաքացի, որը չի կարող հանդուրժել, որ քաղաքական նպատակներից ելնելով` քաղաքացիներին դնեն այնպիսի պայմաններ մեջ, որը վտանգում է վերջիններիս կյանքը: