ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/6487/05/15 վարչական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ արձանագրում է․
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. 2009, 2010 և 2011 թվականներին կատարված հարկային օրենսդրության խախտումների համար կարող են արդյո՞ք առաջանալ գույքահարկի գծով հարկային պարտավորություններ, եթե տվյալ իրավախախտումները հայտնաբերվել են 2015 թվականին:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
- որպես ընդհանուր կանոն՝ հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետը երեք տարի է, որի հաշվարկման սկիզբն իրավախախտման կատարման տարվան անմիջապես հաջորդող տարին է,
- որպես բացառություն ընդհանուր կանոնից՝ գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտման համար հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության ժամկետը տասը տարի է, որի հաշվարկման սկիզբն իրավախախտման կատարման պահն է,
- հարկային պարտավորությունների առաջացման վաղեմության թե՛ ընդհանուր, թե՛ հատուկ ժամկետների հաշվարկման անհրաժեշտությունը ծագում է հարկային իրավախախտման հայտնաբերման պահին, քանի որ հարկային պարտավորությունների առաջացումը պայմանավորված է վաղեմության ժամկետի՝ տվյալ իրավախախտման հայտնաբերման պահին լրացած լինելու կամ չլինելու հանգամանքով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ <<<<Հարկերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> թիվ ՀՕ-96-Ն և <<<<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> թիվ ՀՕ-94-Ն ՀՀ օրենքների՝ ժամանակի մեջ գործողության իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա հետևյալ ուղղությամբ. նշված օրենքները տարածվում են դրանց ուժի մեջ մտնելուց՝ 28.04.2012 թվականից հետո հայտնաբերված հարկային օրենսդրության խախտումների նկատմամբ, և քննարկվող օրենքների՝ ժամանակի մեջ գործողության կանոնի բովանդակությունը հանգում է հետևյալին.
- եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է և իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է մինչև 04.2012 թվականը, ապա այդ դեպքում կիրառելի է <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավարգավորումը.
- եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է և իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականից հետո, ապա այդ դեպքում կիրառելի է <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի՝ 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը.
- եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, ապա այդ դեպքում վաղեմության ժամկետների վերաբերյալ տարբեր ժամանակաշրջաններում գործող օրենսդրական կարգավորումների կիրառման հարցը պետք է լուծվի՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, թե 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած եղել է, թե՝ ոչ. այսպես՝
- եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև 04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած է եղել, ապա այդ իրավախախտման համար հարկային պարտավորություններ առաջադրելիս կիրառվում է <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` մինչև 28.04.2012 թվականը գործող խմբագրությամբ սահմանված իրավարգավորումը,
- եթե գույքահարկի գծով հարկային օրենսդրության խախտումը կատարվել է մինչև04.2012 թվականը, սակայն իրավասու վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է 28.04.2012 թվականին կամ դրանից հետո, և 28.04.2012 թվականի դրությամբ հարկային օրենսդրության խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարվա ժամկետը լրացած չի եղել, ապա այդ իրավախախտման համար հարկային պարտավորություններ առաջադրելիս կիրառվում է <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի` ներկայումս (28.04.2012 թվականից) գործող խմբագրությամբ և <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի՝ 28.04.2012 թվականից գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումը: