Դատարանը Սեֆիլյանի և Պողոսյանի համար հանրային պաշտպան նշանակեց. Սեֆիլյանի գործով նիստի ավարտից հետո մի խումբ մարդիկ փակեցին դատարանի մուտքը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը, դատավոր՝ Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Նիստին 9 ամբաստանյալներից ներկա էր միայն Հովհաննես Պետրոսյանը, մյուսներն անցած դատական նիստերի ժամանակ հեռացվել էին դահլիճից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար: Ամբաստանյալ Պետրոսյանը միակն է, որ մինչ այժմ ցուցմունք է տվել:

Նիստի սկզբում, դատավոր Գրիգորյանը դատավարական կողմերին ներկացրեց Ժիրայր Սեֆիլյանի և Ներսես Պողոսյանի համար ներգրավված հանրային պաշտպան Էմիլ Բեգլարյանին: Այնուհետև, դատական դահլիճ հրավիրվեց Ժիրայր Սեֆիլյանը, որ իր դիրքորոշումն արտահայտի հանրային պաշտպանի նկատմամբ:

Սեֆիլյանը, մինչ կանդրադառնար հանրային պաշտպանին, ասաց, որ հայտարարություն ունի անելու: Վերջինս կոչ արեց «Սասնա ծռեր»-ի անդամներ Վարդան Գերավետյանին և Տիգրան Մանուկյանին դադարեցնել հացադուլը։ Քաղաքացիների համար նախատեսված դահլիճից ներկաներն աղաղակեցին, որ վերջիններս երեկ դադարեցրել էին հացադուլը: Դատավորը շեշտեց, որ Սեֆիլյանը խոսի միայն հանրային պաշտպանի մասին:

 «Հարգում եմ Էմիլ Բեգլարյանին, առանց ճանաչելու, սակայն, նշեմ, որ ես ունեմ պաշտպաններ, ուղղակի Ձեր անօրիանական խուզարկությունների արդյունքում, Դուք թույլ չեք տալիս, որ նրանք ներկա գտնվեն դատական նիստերին»:

Դատավորը հակադարձեց Սեֆիլյանին, նշելով, որ անցած դատական նիստերի ժամանակ ամբաստանյալը հայտարարել էր, որ իր բացակայության ժամանակ պաշտպանները ներկա չգտնվեն դատական նիստերին․ «Խնդրում եմ անհիմն, չփաստարկված մեկնաբանություններով հանդես չգալ», -ասաց դատավորը:

Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայությունից:

Դատական դահլիճ հրավիրվեց Ներսես Պողոսյանը, ով ևս չհրաժարվեց իր պաշտպաններ Արայիկ Պապիկյանից և Նինա Կարապետյանցից:

Դատարանը հայտարարեց, որ չի ընդունում ամբաստանյալների մերժումները, ևքանի որ իրենց պաշտպանները չեն ներկայանում, Էմիլ Բեգլարյանին նշանակում է Ժիրայր ՍԵֆիլյանի և Ներսես Պողոսյանի պաշտպան:

Հանրային պաշտպան Էմիլ Բեգլարյանը դիմեց դատավորին, նշելով, որ առանց ամբաստանյալների ցանկության, ինքը չի կարող ստանձնել նրանց պաշտպանությունը:

«Առաջարկում եմ հետաձգել այսօրվա նիստը, որ ես կարողանամ գոնե մեկ անգամ տեսակցել Ժիրայր Սեֆիլյանին և Ներսես Պողոսյանին, խոսեմ նրանց հետ և հասկանամ ներգրավվե՞մ այս գործին, թե՝ ոչ»,- դիմեց հանրային պաշտպանը:

Դատավոր Գրիգորյանն ասաց, որ պաշտպանի միջնորդությանը կանդրադառնա քիչ ուշ և ներկայացրեց նիստերի դահլիճում գտնվող ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանի դատավարական իրավունքները:

Հրայր Թոփչյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը, լսելով դատավորի խոսքը մինչև վերջ, առարկություն ներկայացրեց, նշելով, որ անօրինական է այն հանգամանքը, որ ամբաստանյալներից միայն Հովհաննեսին է ներկայացվում իր իրավունքները․ «Բա մյուս տղաներին ինչի՞ եք անտեսում: Գուցե նրանք չգիտեն իրենց իրավունքների մասին, գուցե չգիտեն, որ դատավորի ներս մտնելու ժամանակ պետք է ոտքի կանգնեն: Ես պահանջում եմ, որ նիստերի դահլիճ հրավիրվի նաև Հրայր Թոփչյանը և նրան էլ տեղեկացվի դատավարական իր իրավունքների մասին»:

Պաշտպանի առարկությանը դատարանը փաստեց, որ ամբաստանյալներն այժմ նիստերի դահլիճում չեն, քանի որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցույց տվել:

«Հիշեցնեմ, որ դատական առաջին նիստի ժամանակ, ամբաստանյալներին պատշաճ կերպով տեղեկացվել է դատավարական իրավունքների և դատական կարգուկանոնի մասին»,- նշեց դատավորը:

Դատավոր Գրիգորյանը մեջբերելով Էմիլ Բեգլարյանի միջնորդությունը՝ նիստը հետաձգելու մասին, որոշեց բավարարել այն:

Նիստի քննությունը կշարունակվի օգոստոսի 18-ին:

Նիստի ավարտից հետո, դատարանի առջև հավաքվեցին մի խումբ մարդիկ, որոնք նշեցին, որ ուղերձ ունեն Վարուժան Ավետիսյանից: Մեծ պաստառի վրա գրված էր՝ «Կոչ եմ անում զենք վերցնել և ոչնչացնել սեռժի բանդային» գրառումը, իսկ մյուսների ձեռքի թղթերին գրված էր՝ «Միանում եմ» բառերը:

Դատական կարգադրիչները մոտեցան հավաքվածներին, հայտարարելով, որ անօրինական է փակել դատարանի մուտքը: Ներկաներից մի կին բղավեց. «Ինձ զենք տվեք՝ կռվեմ»: Րոպեների ընթացքում ուժեղացվեց հսկողությունը դատարանի տարածքում:

Մոտ 20 րոպե անց հավաքվածներն ինքնակամ ցրվեցին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է 2015թ. ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրը, մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին և Հովհաննես Պետրոսյանին:

Նյութը և լուսանկարները՝ Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ