Դատավորի ինքնաբացարկի հերթական միջնորդությունը` Սեֆիլյանի և մյուսների գործով

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:

 Այս նիստին ևս դատավոր Տաթևիկ Գրիգորյանը ամբաստանյալներ` Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Ներսես Պողոսյանի և Գալուստ Գրիգորյանի նկատմամբ զգուշացում կիրառեց` ոտքի չկանգնելու և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար:

Այնուհետև դատարան բերվեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը, որի սանկցիայի ժամեկտն ավարտվել էր: Վերջինս հայտարարեց, որ իր պաշտպան Տիգրան Եգորյանը ներկա չէ նիստին, և դատարանը սահմանափակում է իր իրավունքները. «Եթե իմ պաշտպանը բացակայում է, ուրեմն ինձ նույնպես այստեղ մի’ բերեք: Դուք պարտավոր եք դատարան հրավիրել իմ պաշտպանին»,- նստած տեղից դատարանին դիմեց ամբաստանյալը: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ամբաստանյալին զգուշացրեց, որ դատարանին դիմելուց պետք է ոտքի կանգնել, սակայն ամբաստանյալը շարունակում էր խոսել նստած տեղից, ինչը դատավորը համարեց անհարգալից վերաբերմունք դատարանի հանդեպ և 4 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից:

Նիստերի դահլիճ հրավիրվեց գործով վկա Աշոտ Պետրոսյանը, վերջինս դատարանին հայտնեց, որ ճանաչում է միայն  Ժ. Սեֆիլյանին և Գ. Սաֆարյանին, սակայն վկայի հարցաքննությունը մնաց անավարտ, քանի որ լրացել էր նաև Սեֆիլյանի սանկացիայի ժամկետը, և նա բերվեց նիստերի դահլիճ:

Դատարանը որոշեց Տիգրան Հայրապետյանին ներգրավել գործում որպես Սեֆիլյանի պաշտպան, իսկ Մարինե Թովմասյանի լիազորությունները՝ դադարեցնել: Դրանից հետո փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի պարզաբանվի իր պաշտպանյալի մեղադրանքի բնույթն ու հիմքերը, սակայն դատավորը մերժեց միջնորդությունը՝ հայտնելով, որ դատարանը որևէ պարտականություն չունի ամբաստանյալին պարզաբանելու իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ այս պահին գործը գտնվում է ապացույցների քննման փուլում:

Տիգրան Հայրապետյանը դատավորին խնդրեց իր հետ զրուցելիս արհամարհական վերաբերմունք ցույց չտալ և նման դեմքի արտահայտությամբ իրեն չնայել, ինչին ի պատասխան դատավորը հայտնեց, որ ինքը որևէ առանձնահատուկ վերաբերմունք չունի փաստաբանի նկատմամբ. «Այսուհետ ձեր առարկությունները ներկայացրե’ք առավել ողջամիտ և նախագահող դատարանին վերաբերող որևէ անձնական հատկանիշ չշահարկե’ք դատարանում»:

Դրանից հետո Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ ևս մեկ միջնորդությամբ, որը վերաբերում էր Տաթևիկ Գրիգորյանի ինքնաբացարկ հայտարարելուն: «Տաթևիկ Գրիգորյանը իրավաբանությանը անհայտ նորամուծություններ է կատարում  ամեն դատական նիստին, արհամարհում և անտեսում է օրենքը»,- իր խոսքում ասաց Տիգրան Հայրապետյանը:

Միջնորդության ժամանակ դատավորը 2 անգամ ընդհատեց փաստաբանին և հորդորեց իրեն անձնական որակումներ չտալ:

Փաստաբանը նաև հայտնեց, որ դատավորին դրսից ուղղորդում են, ինչը դատավորը համարեց վիրավորանք և դատական սանկցիա` նախազգուշացում կիրառեց փաստաբանի նկատմամբ:

Միջնորդությանը առարկեց մեղադրող կողմը, որից հետո հայտարարվեց ընդմիջում:

Նշենք, որ Տիգրան Հայրապետյանի միջնորդությունն այնքան երկար էր, որ գործով վկան, գտնվելով նիստերի դահլիճում, նստած ննջում էր:

Ընդմիջումից հետո Տաթևիկ Գրիգորյանը որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը, որից հետո Տիգրան Հայրապետյանը միջնորդություն ներկայացրեց Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս միջնորդությունը ևս մերժվեց դատարանի կողմից:

Շարունակվեց վկայի հարցաքննությունը, որի ժամանակ վկան հայտնեց, որ Սեֆիլյանին և Սաֆարյանին ճանաչել է «Նախախորհրդարան»-ից, նրանք պարզապես բարևել են իրար, իսկ այս գործի մասին ոչինչ չգիտի և չի էլ հասկանում, թե ինչու են իրեն այստեղ բերել: Պատասխանելով կողմերի հարցերին՝ վկան հայտնեց, որ տեղյակ չի եղել Սեֆիլյանի կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու կոչերին: Վկայի պատմածից պարզվեց, որ նա մի անգամ գիշերել է Սեֆիլյանին պատկանող գրասենյակում. գիշերը եկել է, իսկ առավոտ շուտ գնացել է. «Կարելի է ասել պահակի պես էի, եթե ուզում եք, կարող եք պահակ անվանել»:

Վկան նաև հայտնեց, որ ինքը հոգեմետ դեղեր է ընդունում «շիզոֆրենիայի» պատճառով:

Դրանից հետո հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որից պարզ դարձավ, որ վկան 4 ամիս գիշերելու տեղ չունենալու պատճառով բնակվել է Սեֆիլյանի կողմից վարձված բնակարան-գրասեյակում և մասնակցել է Հիմնադիր Խորհրդարանի կազմակերպած ցույցերին ու ակցիաներին:

Ցուցմունքի հրապարակումից հետո վկան հայտնեց, որ գրվածի 70 տոկոսը իրականությանը չի համապատասխանում:

Այնուհետև հարցաքննվեցին գործով մյուս վկաները` Վարդան Կամուրյանը և Ալեն Մովսիսյանը:

Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ՝ 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք՝ նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

 Նյութը` Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ