Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացում կատարվել են փոփոխություններ

Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից մշակվել և 2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաս­տանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփո­խություններ կատարելու մասին» և «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ):

Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր հետևյալով.

1) Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության նախագահին վերապահված լիազորություններով պայմանավորված՝ անհրաժեշտություն էր առաջացել դադարեցնել անկախ հանձնաժողովների գործունեությունը. 

2) անկախ հանձնաժողովի գործունեության ընթացքում ծագել էին մի շարք խնդիրներ, որոնք նվազեցնում էին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացի արդյունավետությունը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Փաթեթով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում կատարվել են մոդելային և ընթացակարգային փոփոխություններ, որոնց առանձնահատկությունները հետևյալն են.

  • Դատապարտյալի կողմից դիմումի ներկայացման ընթացակարգ.

Փաթեթում ամրագրվել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու գործընթացի մեկնարկը պայմանավորում է ոչ միայն պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը կրելու, այլ նաև՝ դատապարտյալի դիմումի առկայության հետ: Այլ կերպ՝ գործընթացը սկսվում է, երբ դատապարտյալն ինքն է դիմում ներկայացնում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու համար: Ընդ որում՝ դիմումը պետք է ներկայացվի պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ: Դիմումի ներկայացման կարգի մասին պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը նախօրոք պարտավոր է ծանուցել դատապարտյալին:

  • Քրեակատարողական ծառայություն – Պրոբացիայի ծառայություն – դատարան մոդելի գործարկում.

Առաջարկվող մոդելի արդյունքում դատապարտյալի պատշաճ վարքագիծը և նրա կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ զեկույցներ կտրամադրեն մասնագիտացված երկու կառույցներ, որոնք ունեն մարդկային և նյութական անհրաժեշտ ռեսուրսներ: Քրեակատարողական ծառայությունը կկարողանա պատշաճ կերպով գնահատել դատապարտյալի անձը և վարքագիծը պատժի կրման ընթացքում, իսկ Պրոբացիայի ծառայությունը՝ հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունը:

Նշված կառույցները նախապես՝ պատժի ժամկետի օրենքով սահմանված մասը լրանալուց առաջ, կսկսեն զեկույցների կազման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա համապարփակ կերպով հետազոտել ուսումնասիրվող հանգամանքները: Զեկույցների կազմման համար ծառայություններն իրենց տրամադրության տակ կունենան 80 օր:

Զեկույցների կազման դեպքում հնարավոր է չորս տարբերակ.

1)     եթե Քրեակատարողական ծառայության և Պրոբացիայի ծառայության զեկույցները դրական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան.

2)    եթե Քրեակատարողական ծառայության և Պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան.

3)    եթե Քրեակատարողական ծառայության և Պրոբացիայի ծառայության զեկույցներից մեկը բացասական է, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը չի տալիս գրավոր համաձայնություն.

4)    եթե Քրեակատարողական ծառայության և Պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում,  ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում, որը դատապարտյալը կարող է բողոքարկել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 

Միաժամանակ, հարկ է ընդգծել, որ դատապարտյալի՝ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունն ապահովելու և գործնականում հնարավոր խախտումները բացառելու նպատակով նախատեսվել է, որ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու կամ չներկայացնելու մասին որոշման և զեկույցների պատճենները, դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը որոշումը կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է պատժի կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Հարցը դատարան չներկայացնելու մասին որոշումն օրենսդրությանը հակասող համարելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը նշված ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարին: Վերջինս միջնորդագրի քննության արդյունքների մասին տեղեկացնում է միջնորդագրի հեղինակին: Եթե միջնորդագրի քննության ընթացքում պարզվում է, որ դատապարտյալն օրենքով նախատեսված դեպքում բողոքարկել է պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումը, արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող նախարարը միջնորդագիրը վերադարձնում է միջնորդագրի հեղինակին:

  • Դատապարտյալի իրավունքները.

Զեկույցների կազման ընթացքում դատապարտյալը կպահպանի այն իրավունքները, որոնք նրան վերապահվել էին անկախ հանձնաժողովի նիստին մասնակցելու համար: Այսպես, դրական զեկույցների դեպքում` մինչև զեկույցները դատարան ներկայացնելը, իսկ զեկույցներից առնվազն մեկի բացասական լինելու դեպքում՝ մինչև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի կողմից որոշում ընդունելը, դատապարտյալն իրավունք ունի.

1) իրեն մատչելի ձևով, այդ թվում՝ համապատասխան մասնագետի միջոցով ծանոթանալու իր վերաբերյալ կազմված նյութերին և անվճար ստանալու դրանց պատճենները.

2) ներկայացնելու բացատրություններ և փաստաթղթեր, հանդես գալու հայտարարություններով.

3) հայտնելու իր կարծիքը իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ.

4) ստանալ իր վերաբերյալ կազմված զեկույցները.

5) հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին օգտվելու թարգմանչի ծառայություններից.

6) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքներ:

Փաթեթի անցումային դրույթներին համապատասխան՝ այն դատապարտյալների վերաբերյալ, որոնց՝

1)   պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է մինչև Փաթեթն ուժի մեջ մտնելը և չի քննարկվել անկախ հանձնաժողովի կողմից, Փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո (Փաթեթն ուժի մեջ է մտել սույն թվականի հունիսի 23-ին)՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը կազմում և 3 աշխատանքային օրվա ընթացքում դատապարտյալին է ներկայացնում զեկույցը:  

2)  պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագել է Փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ը, պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը զեկույցը կազմում է իրավական հնարավորության ծագման պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված երկու դեպքերում էլ եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, ապա պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալի գրավոր համաձայնությունն ստանալուց հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, և 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշումը միջնորդագրով ներկայացնում դատարան:  

3)  պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու իրավական հնարավորությունը ծագելու է սույն թվականի սեպտեմբերի 1-ից հետո, ապա նրանց վերաբերյալ կազմվում է զեկույց բացառապես այն դեպքում, երբ դատապարտյալը պատիժը կատարող հիմնարկին ներկայացնում է դիմում: 

Անդրադառնալով պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում հաշվի առնվող հանգամանքներին՝ անհրաժեշտ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրող անձը օրենքով սահմանված պատժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը նշված հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ քրեակատարողական ծառայության և պրոբացիայի ծառայության զեկույցների կամ կարգապահական գումարտակի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հետևության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պատժի մնացած մասը կրելու կարիք չունի, քանի որ՝ 

1) պատժի կրման ընթացքում դրսևորել է պատշաճ վարքագիծ, և

2) դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը ցածր է:

Դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը.

2) պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը.

3) պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն.

4) պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով.

5) դատապարտյալի պատշաճ վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ:

Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատելիս հաշվի են առնվում հետևյալ հանգամանքները.

1) դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին.

2) հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը.

3) ռեցիդիվի առկայությունը.

4) իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը.

5) հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը.

6) նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ.

7) որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները.

8) մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին.

9) ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.

10) սոցիալական միջավայրը.

11) առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը.

12) դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ:

 

 

Միաժամանակ ներկայացնում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու համար կազմված զեկույցները՝ առ 24.07.2018թ. դրությամբ քննարկման ներկայացված տվյալները:

 

Հ/Հ ՔԿՀ 24.07.2018թ-ի դրությամբ ներկայացված զեկույցների քանակը Քանիսն են

բացասական

Քանիսն են

դրական

1. «Նուբարաշեն» ՔԿՀ 12, որից 6-ը ուղարկվել է դատարան 11 1
2. «Վարդաշեն» ՔԿՀ 40 բոլորն էլ ուղարկվել է դատարան 7 33
3. «Երևան-Կենտրոն» ՔԿՀ 3 բոլորն էլ ուղարկվել է դատարան —- 3
4. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ 23, որից 21-ը ուղարկվել է դատարան 14 9
5. «Աբովյան» ՔԿՀ 13, որից 12-ը ուղարկվել է դատարան 1 12
6. «Հրազդան» ՔԿՀ 49, որից 44-ը ուղարկվել է դատարան 31 18
7. «Սևան» ՔԿՀ 111, որից 95-ը ուղարկվել է դատարան 32 79
8. «Կոշ» ՔԿՀ 122, որից 90-ը ուղարկվել է դատարան 73 49
9. «Արթիկ» ՔԿՀ 113, որից 86-ը ուղարկվել է դատարան 48 65
10. «Վանաձոր» ՔԿՀ 39, որից 34-ը ուղարկվել է դատարան 8 31
11. «Արմավիր» ՔԿՀ 136, որից 89-ը ուղարկվել է դատարան 111 25
12. «Գորիս» ՔԿՀ 20, որից 16-ը ուղարկվել է դատարան 7 13
  ԸՆԴԱՄԵՆԸ 681, որից 536-ը ուղարկվել է դատարան 343 338

Մեկնաբանություններ