Դատապարտյալները տեսազանգի միջոցով հաղորդակցվելու հնարավորություն կունենան

Օտարերկրյա կալանավորված անձինք կամ դատապարտյալները, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվում է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն: Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից:

Արդարադատության նախարարությունը հայտնում է, որ նախարարության և «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում փորձնական կարգով «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ համապատասխան տեխնիկական սարքավորումներ են տեղադրվել և գործարկվել է տեսազարգի համակարգը, որի միջոցով քրեկատարողական հիմնարկներում գտնվող անձինք հնարավորություն ունեն օգտվել տեսազանգի իրավունքից: Միաժամանակ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կատարվում են համապատասխան սենյակի վերանորոգման աշխատանքներ և մոտ օրերս այդ հիմնարկում նույնպես կտեղադրվեն տեսազանգի համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումները:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» կառավարության N 1599-Ն որոշումը մշակել է արդարադատության նախարարությունը, իսկ կառավարությունը ընդունել է այն 2017 թվականի հուլիսի 6-ին:

Որոշման պահանջներն ապահովելու նպատակով «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ տեսազանգի կազմակերպման նպատակով արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկները մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը կապահովվեն անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով:

Մեկնաբանություններ