ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Երևանում հուլիսի 7-ին տեղի ունեցած դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ:2018 թվականի հուլիսի 7-ին` ժամը 08:55-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխել հայր և որդի Ստեփանյանները. 1959 թվականի ծնված տղամարդու մոտ ախտորոշվել են «որովայնի շրջանի, աջ ազդրի միջին երրորդի ծակած-կտրած վերքեր», իսկ որդու մոտ՝ «ձախ քունքի արյունահոսող սալջարդ վերք, մարմնի սալջարդ վերքեր»:
Նույն օրն ավելի ուշ նույն բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ևս երկու անձի՝ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխվելու մասին. 1965թ. ծնված տղամարդու մոտ ախտորոշվել է «գլխուղեղի ցնցում հարցականով, պոլիտրավմա», իսկ 1998 թ. ծնված երիտասարդի մոտ՝ «գլխուղեղի ցնցում, պոլիտրավմա»։ Վերջիններս ևս հայր և որդի են։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքներն ստացել են նույն վիճաբանության ժամանակ, որը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի բակում։
Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 117-րդ հոդվածով:
Քրեական գործով 59-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող, վերջինս ի վիճակի չի եղել ցուցմունք տալ: Վերջինիս ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ կասկածվում են Երևանի բնակիչներ՝ 1965թ. ծնված տղամարդն ու նրա որդին։ Կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: