ԴԱՀԿ պաշտոնատար անձը չարաշահել է պաշտոնեական դիրքը. կատարվում է նախաքննություն

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործության առթիվ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով:

Այսպես, Բ. Մ.-ն 06.04.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ԴԱՀԿ ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցը դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա արգելանք է դրել համապատասխան ընկերությունում գրավադրված, համատեղ սեփականության իրավունքով իրեն և ևս երկու անձի պատկանող բնակարանի վրա: Այնուհետև, վերը նշված ԴԱՀԿ աշխատակիցը որոշում է կայացրել  բնակարանը էլեկտրոնային աճուրդով վաճառելու մասին, որի վերաբերյալ չի ծանուցել ինչպես բնակարանը գրավադրած պարտապանին, այնպես էլ իրեն և բնակարանի մյուս համասեփականատիրոջը: Արդյունքում ավելի քան 6.000.000 դրամ արժողությամբ բնակարանը էլեկտրոնային լոտով վաճառվել է 368.000 դրամով:

Բացի այդ, քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ ծառայության վերը նշված  աշխատակիցը, օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն, իրավասու չի եղել բռնագանձում տարածել գրավադրված գույքի վրա:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ